Երեւանյան աստիճաններ
September 29, 2010
Stairs
Տարատեսակ, զարմանալի մանրամասների կարելի է հանդիպել Երևանում որտեղ մարդիկ ամեն կերպ փորձում են հաստատել իրենց անհատականությունը… ինչպես օրինակ այս իրար ‘կպցրած’ երկհարկանի բնակարանի ‘միջանկյալ միջանցքում’
One can chance open curious and quite strange little details in Yerevan – a place where people want to reinforce their individuality by any (and often contradictory) means… like in this ‘pasted’ two-storey apartment’s ‘corridor link’Իմ` ոչ Երևանցու համար Երևան այցելելը հաճախ նմանվում էր հետաքրքրասեր կատվի թափառումների… ինձ հատկապես ձգում էին տարատեսակ մութ ու նեղ միջանցքները, ‘պոդյեզդները’ և հատկապես, աստիճանները: Տպավորությունները միշտ չէ որ լինում էին բարենպաստ, սակայն միանշանակ – երբեք: Երևանը, որքան էլ նման արտահայտությունը կասկածելի թվա, այդ առումով ինձ հիշեցնում էր Փարիզը: Ֆրանսիայի մայրաքաղաքը, չնայած շատ ավելի բարեկեցիկ, հետաքրքիր ու ավելի լավ կազմակերպված ճարտարապետական դեմքի, այնուամենայնիվ ‘երկերեսանի’ քաղաք է: Նրա պլպլուն, սառը դեմքը ուղված է տուրիստական ամբոխներին իսկ ներսում, շատ ավելի համեստ բայց կենդանի Փարիզն է որտեղ տեղացիները փոքր ինչ թաքուն, անցկացնում են իրենց առօրյա կյանքը տուրիստական ագահ աչքից հեռու: Թերևս ‘իսկական’ Երևանը – իմ համար այդ իսկությունը պայմանավորվում է նախ և առաջ պատմական Երևանով – նույնպես պետք է փնտրել համաչափ Ստալինյան իսկ այժմ նաև կիսախելագառ պոստ-մոդեռնիստական ճարտարապետության ներքո:
Այդ առումով շենքերի աստիճանները սովորաբար ազդանշաններ են թե ուր էս ընկել և ուր էս գնալու: Օրինակ Պուշկին փողոցի ծայրամասում համարյա ամեն օր անցնում էի մի հին տան մոտով: Հրաշալի փայտե դուռ ուներ որ համարյա թե միշտ կիսաբաց էր: Մի օր չհամբերեցի և մտա ներս: Բարձր ու նեղ միջացնքը լռիվ փայտաշեն էր և քայլերիս տակ բարձրաձայն ճռում էր: Հին, փոշոտ լուսամուտներից հազիվ սողոսկում էր արևի լույսը իսկ օդը հաճելի բուրմունք ուներ որին միայն կարող էս հանդիպել պատկառելի, հին բնակելի շենքերում: Արագ արագ առաջացա մինչև միջանցքի վերջը և ի զարմանս ինձ հայտնվեցի շատ բնորոշ 19րդ դարի Երևանյան բակում: Այստեղ կար ամենինչ` փայտե պատշգամբներ, խորդանոցի շենք, ջրհոր որը կարծես թե չէր աշխատում, խաղողի թփեր ամենուր, մեծ կարասներ ու նկուղային հարկեր… կաին նույնիսկ ոտաբոբիկ երեխաներ որոնք զարմացած ինձ էին նայում: Այս մեկուսացված և համարյա թե կախարդական միջավայրից ես շտապ դուրս եկա երբ որ արդեն ինձ նկատել էին տանտիրուհիներից մի քանիսը: Այժմ քանդել են և շենքը և դրա հրաշալի բակը:
Կաին ուրիշ աստիճաններ ևս` հաստ, երկաթից, ինչպես ընդունված էր ասել հնում, ‘օժուռնիյ’: Դրանցից մեկը ներս էր տանում Արամի փողոցում գտնվող երկհարկանի, չափազանց առաքինի առանձնատուն: Տունը կրկին սկսել էին քանել, սակայն աստիճաններն ու զարմանալի գեղեցկության բազրիքը դեռ տեղում էին: Շենքի ներսում ահավոր մութ էր ու ես, բավականին սրտատրոփ բարձրանում էի վերևի հարկ: Կողքի պատը քանդած էր ու երևում էր ամբողջ շենքը ‘ընդերքը’` հին փայտաշեն ծածկի մնացորդները, 50ական թվերից մնացած պաստառները, երկաթե ահռելի վառարանը և ցեխի մեջ կորած նախկին բնակիչների զանազան ունեցվածքները: Երբ հասա երկրորդ հարկ, վերևից արդեն նայում էի փլատակների մի անդունդի: Չափազանց տխուր էր նման տեսարանին վկա լինել: Ակամա մտածեցի թե ում համար էր պատրաստված այս շքեղ աստիճանը և ով էր բախտ ունեցել երկար տարիներ նրանով հաճոյանալ… Ով էլ որ լինեին նախկին բնակիչները, անկասկած այս շենքի մթնոլորտը իր աստիճաններով նրանց պիտի օգներ արտոնյալ զգալու… չէ որ դրա նմանը էլ Երևանում չկար?
Կաին շատ ուրիշներ, էլ ավելի լավերը, բայց համարյա ոչ մեկը չէր կրկնում մյուսին: Օրինակ Աֆրիկյանների տան աստիճանները Տերյան փողոցի վրա: Չեմ կարծում որ ինչ որ մեկի մտքով անցնի դրանք պահպանել, երբ որ այս սքանչելի շենքի հերթն էլ հասնի…
Դուրս հատկապես գալիս էին կոնստրուկտիվիստական շենքերի երկրաչափական խստությամբ ներշնչված աստիճանները: Այ օրինակ Հալաբյանի ‘Շախմատե տան’ զիգզագները որոնք դեռ երևում էին բակի կողմից: Շենքը շատ էին այլանդակել տարիները ընթացքում բայց սուր անկյուններով աստիճանները դեռ վառ խոսում էին կոմունիստական իդեալիզմով տառապող մեր մեծ ճարտարապետի մասին: Այդ աստիճաններն ու միջանցքները իհարկ է շենքերի ‘աղիներն’ են ու դրանց միջով սովորաբար հայտնվում էի քաղաքի ‘մյուս’ կողմում, որտեղից հստակ կարելի էր տեսնել պատմության շերտերը, տեղացիների առօրյա կյանքն ու կենցաղը: Այժմ անհետանում են Երևանի հին աստիճանները: Նրանց տեղը հառնում են վերելակները իսկ մարդկանց ու պատմությունը շաղկապող օղակները փոխարինվում են ‘վիրտուալ միջանցքներով’: – ՎԳ