“Ժպտա Երևանի” մասին
November 20, 2011
Մ. Սարյանի 'Մեր բակը' պաննոն Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում
2011 թ-ից սկսեց գործել ‘Ժպտա Երևան’ նախագիծը (http://smile-yerevan.am/am/): Նախագծի նպատակն է Երևանի և մարզային քաղաքների տարբեր անշուք անկյուններ և շենքերի ճակատներ ձևավորել տարաբնույթ գեղարվեստական աշխատանքներով` միջավայրին առավել հաճելի տեսք հաղորդելու նպատակով: Նախագծի նախնական նպատակը, սակայն, եղել է հանրությանը հայ մեծանուն, դասական արվեստագետների աշխատանքներին ծանոթացնելը` այդ գործերի տարբեր մեթոդներով իրականացված մոդելները տեղադրելով հանրային վայրերում: Իսկ ծրագրի զարգացման ընթացքում, ըստ նախագծի տնօրեն Նարեկ Աշուղաթոյանի, այն վերաճեց միջավայրը ընդհանրապես արվեստի գործերով հարստացնելու միջոցով հայ հասարակությանը գեղեցիկի, արվեստի նկատմամաբ ուշադիր և զգայուն լինելու խթանման գաղափարին:
Պ-ն Աշուղաթոյանը պատմում է, որ սռաջարկվող նախագծերի գաղափարները հղանում են տարբեր ընթացքներով. թեման կարող է թելադրել տեղանքը, որը ըստ նախագծի թիմի անդամների կարիք ունի ‘ժպտեցնելու’: Կամ որևիցե գործի հեղինակ կարող է առաջարկել իր աշխատանքը տվյալ տարածքի համար: Ամեն դեպքում տեղանքի և գործի ընտրությունը քննարկվում է նախագծի գեղարվեստական և աջակից խորհուրդների կողմից` հաշվի առնելով միջավայրի և գործի համապատասխանությունը գույնի, լուսային պայմանների, չափսի, միջավայրի բնույթի և այլ տեսանկյուններից:
‘Ժպտա Երևանի’ գաղափարը միանշանակ ողջունելի է, հատկապես, որ Երևանում և մյուս քաղաքներում էլ շատ են անխնամ հանրային վայրերը, որոնց կարելի է ուրախ շունչ հաղորդել: Նաև Խորհրդային տիպարային (և ետխորհրդային պսեվդո-էլիտար) շինարարության արդյունքում մեր քաղաքները ժառանգել են բազմաթիվ կառույցներ, որոնք չունեն որևիցե ինքնություն, կերպար և առավելապես նման են անդեմ, մեխանիկորեն կլոնացված տուփերի, քան բնակելի տների: Թերևս, հենց այսպիսի կառույցները կենդանացնելուն, ինքնություն և տրամադրություն հաղորդելուն, որոշակի մթնոլորտ ունեցող միջավայր կերտելուն կարող է ուղղված լինել այս նախաձեռնությունը:
Սակայն, նախագիծը ոչ այնքան միանշանակ ընդունվեց հայ հասարակության կողմից: Քննադատությունները շատ էին և հիմնականում մեկնաբանվում էին նախապես ներկայացված և իրականացված մի քանի գործերի հիմնական ընդհանրությամբ` խայտաբղետությամբ (http://smile-yerevan.am/projects.html): Իրականացված և նաև կայքում որպես առաջարկ ներկայացված գործերից մեծ մասը արված են խճանկարի տեսքով, որի տեխնիկական յուրահատկություններով էլ թերևս պայմանավորված է այս գործերի գեղարվեստական բնույթը:
Այս թեմայով մենք խորհրդակցեցինք արվեստաբան Լիլիթ Սարգսյանի հետ: Ըստ արվեստաբանի, խճանկարն իրականում բնորոշ է արևելյան, մուսուլմանական մշակույթին, որտեղ այն զուտ օրնամենտալ բնույթի է, ինչը մեծապես կապված է պատկերամարտության հետ: Հայկական մշակույթում նման խճանկարային ձևավորումն ու մոտեցումը գրեթե բացակայում է, եթե չմոռանալ արևելա-արևմտյան սինթեզից գոյացող հելլենիստական Գառնիի բաղնիքի հատակի հայտնի խճանկարը: Այսինքն, չնայած մուսուլմանական արևելքի հետ անմիջական հարևանությանն ու անմիջական շփումներին, այդուհանդերձ, խճանկարն իբրև մոնումենտալ արվեստի միջոց չմասսայականացվեց մեր իրականության մեջ: Հայ արվեստ խճանկարը մուտք գործեց և փորձեց տեղայնացվել Խորհրդային շրջանում իբրև ձևավորչական տարր: Պատկերացում կազմելու համար, թե ինչ նոր որակ և մեկնաբանում ստացավ խճանկարը հայ արվեստագետների կողմից “ազգային մոդեռնիզմի” զարթոնքի ժամանակներում, կարելի է հիշատակել լավագույններն ու պահպանվածներից եզակի նմուշները` Վան Խաչատուրի ‘Անի’ հյուրանոցի փողոցահայաց ճակատի ձևավորումը կամ Օնիկ Մինասյանի ‘Մոկսվա’ կինոթատրոնի ամառային դալիճի տարածքում գտնվող ջրավազանի հատակի և պատի ձևավորումները: Դրանց կոմպոզիցիան մոնումենտալ է և ընդհանրացված, առավելապես՝ երկրաչափական, գունային լուծումները՝ զուսպ:
‘Ժպտա Երևան’-ի առաջին նախագիծը Մարտիրոս Սարյանի ‘Իմ բակը’ կտավի խոշորացված և խճանկարի վերածված տարբերակն էր Սարյան-Մոսկովյան փողոցների միացման հանգույցում, բնակելի շենքի կողային դատարկ ճակատի վրա: Պ-նԱշուղաթոյանը գործի ընտրությունը մեկնաբանում է նրանով, որ խորհրդանշական է Սարյան փողոցի սկիզբը շեշտել հենց նկարիչի գործով: Նաև կարևոր էր գտնել նկարիչի գործերից այնպիսինը, որն իր համաչափություններով կհամապատասխաներ պատին: Իսկ բովանդակության առումով գործի ընտրությունը հիմնավորվում է նրանով, որ այն պատկերում է հին հայկական գյուղական բակային միջավայր և հանդիսանում է որպես պատմական ակնարկ հանրային միջավայրերի պատմությանը, զարգացմանն ու ձևափոխումներին, իսկ լինելով պատկերված Երևանյան կենտրոնական փողոցներից մեկում` անդրադառնում է հնի և նորի, քաղաքային ու գյուղականի միջև կոնտրաստի և երկխոսության գաղափարին:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանն, այնուհանդերձ, գտնում է, որ հանրային վայրերում թեմատիկ գործեր տեղադրելուց ընտրությունը պետք է ավելի նուրբ լինի, քանի որ ցանկացած արվեստի գործ հանրային տարածքում ձեռք է բերում հավելյալ կոննոտացիաներ, քան միայն իր գեղարվեստական, էսթետիկ և թեմատիկ արժեքն է: Արվեստի գործը դառնում է որոշակի հղումների կրող, իմաստներ և գաղափարներ քարոզող, ուստի նաև ձեռք է բերում որոշակի քաղաքական կոնտեքստ: Իսկ քաղաքում գավառական առօրյան ներկայացնող գործը կարող է ոչ միանշանակ մեկնաբանությունների և իմաստների առարկա դառնալ:
Մյուս կողմից, հենց տվյալ գործի բովանդակությունն ու հաստոցային բնույթը, ըստ արվեստաբանի, չի համապատասխանում նման խոշորացված մասշտաբներով բաց հանրային վայրում ներկայացվելուն: Հաստոցային աշխատանքներն ընդհանրապես նախատեսված են ինտերիերային, կամերային տարածքներում ընկալման համար և դրանց խոշորացումը խեղում է դրանց ընկալումը: Այս քայլով, ըստ արվեստաբանի, նաև խեղվում է Սարյան-մոնումենտալիստի նշանակությունը: Սա թույլ է տալիս մտածել, որ գեղանկարչության իր էպիկական թափով անգերազանցելի մոդեռնիստ-Սարյանի արվեստը ժանրային պատմողականության մեջ պարփակելու խորհրդային իշխանության ոտնձգությունն արձագանքում է մեր օրերում՝ հիմա էլ բնօրինակի հանդեպ է’լ ավելի կոպիտ խախտումով՝ այն օրնամենտալ խճանկարի վերածելով և մոնումնետալ ձևաչափում տեղադրելով:
Խնդրի էությունն առավել հստակ պատկերացնելու համար արվեստաբանը առաջարկում է հիշել ձևաչափի (հաստոցային-մոնումենտալ) խեղման հետևանքով իմաստի խեղման մեկ այլ վառ օրինակ, երբ Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության ընթացքում Թորոս Ռոսլինի մանրանկարները մերօրյա տպագրական տեխնոլոգիաների շնորհիվ մեծացվեցին և տեղադրվեցին ազգային պատկերասրահի կամարների բացվածքներում, ուր սովորաբար հսկա գովազդային վահանակներ են տեղադրվում:
Վերջում, հաշվի առնելով նախագծի և դրա սահմաններում կոնկրետ առաջարկների վերաբերյալ վերում ներկայացված և բազմաթիվ այլ մեկնաբանություններ` մենք ուզում ենք ողջունել ‘Ժպտա Երևան’ նախագծի գաղափարը և հույս հայտնել, որ այն մեր քաղաքներին կպարգևի իրական արվեստի գործեր, որոնք կստեղծվեն և, մասնավորապես, կընտրվեն արդիական մտածողության, խոր մասնագիտական գիտելիքների և վառ պատկերացումների տեր ստեղծագործողների և մասնագետների կողմից: