“Մեռած ավանդույթ եւ կենդանի մշակույթ”; lragir.am-ի հարցազրույցը Եվա Սարգսյանի հետ

May 25, 2011

“Մեռած ավանդույթ եւ կենդանի մշակույթ”; lragir.am-ի հարցազրույցը Եվա Սարգսյանի հետ

Նոր կառուցվող համալիրի եռաչափ պատկերը շին.թույլտվության պաստառի վրա

Մեր զրուցակիցն է Bartlett (University College London)ճարտարապետականդպրոցումճարտարապետությանտեսության մագիստրանտ,ՌեԱրկ (www.reark.org) Ճարտարապետական Միջավայրի Ուսումնասիրության Կենտրոն ՀԿ-ի հիմնադիր ևաշխատակից ԵվաՍարգսյանը: Եվայի հետ զրույցը վերջերս հասարակության շրջանում աղմուկ հանած ճարտարապետական երկու կարևոր` Կառավարություն շենքի գմբեթի և Ս.Աննա եկեղեցու կառուցման շուրջ է:
 
Եվա, վերջին երկու ճարտարապետական նախագծերիՍԱննաեկեղեցուինչպես նաև կառավարության շենքի գմբեթի շուրջքաղաքացիական նախաձեռնություններըառանձինճարտարապետներ իրենց դժգոհությունն են հայտնում:Մասնավորապես նշվում  էրոր մի դեպքում տուժում է 13-րդդարից պահպանված Կաթողիկենմյուսի դեպքումճարտարապետները նշում ենոր բազմաթիվ խնդիրներ կանեւիրավականեւ ճարտարապետականեւ քաղաքաշինականնաևգաղափարականԲացի այդնախագիծը տարբերվում էԹամանյանի նախագծիցԴուք ի՞նչ կարծիք ունեք այս երկունախագծերի վերաբերյալ:
 
Կաթողիկե եկեղեցու տարածքում Ս. Աննա եկեղեցու կառուցման և Կառավարության շենքի գմբեթի շինարարության նախագծերի բուն խնդիրն ակունքներում նույնն է և արտացոլում է մեր երկրի և հասարակության պատկերացումների, հավատալիքների, ինչպես նաև մշակութային և տնտեսական իրավիճակի էությունն ու պատկերը: Խնդիրն այն է, որ մենք չենք կողմնորոշվում դեռ պատմության և ներկայի միջև: Ի՞նչ է մեզ համար պատմությունը, ինչպե՞ս ենք մենք իմաստավորում մեր պատմական ժառանգությունը, պատմական ճարտարապետությունը: Արդյոք այն, ինչ գալիս է պատմությունից, անցյալից` պետք է պահպանվի և վերարտադրվի որպես միայն ինքն իր վրա հղում կատարող արտաքին ձև, այսինքն` վերածվի կույր ու պահպանողական, մահացած, կարծրացած ավանդույթի, թե՞ ի վերջո պատմական տարրը` լինի դա ճարտարապետություն, թե մեկ այլ մշակութային ֆենոմեն, ոչ միայն ավանդույթ է, այլ նաև ներկայի մասնիկ, այսինքն` կարող է վերամեկնաբանվել, փոփոխվել, ադապտացվել և դառնալ կենդանի մշակույթ, ներկայի ավանդույթ` ներկա պահանջներին, խնդիրներին և հնարավորություններին արձագանքող կենդանի մշակութային տարր, նորմ:
 
Կաթողիկեի դեպքում սա արտահայտվում է նրանում, որ մենք դեռ պատրաստ չենք հստակ ասել և հիմնավորել` իսկ արդյո՞ք ընդունելի է 13-րդ դարի եկեղեցու տարածքում միջամտություն անել մի նոր, 21-րդ դարի եկեղեցիով, որն իրականում ոչ 21-րդ դարի է, ոչ էլ միջնադարի: Իսկ գուցե այդ եկեղեցին կառուցելիս ավելի անկեղծ կլիներ ոչ թե նմանակել պատմությանը` ստեղծելով կեղծ պատմականության տպավորություն` աղավաղելով հենց պատմությունը, այլ կառուցել մի բան, որն իրականում արտահայտում է մեր երկրի և հասարակության` “եկեղեցի” կառույցի և հաստատության վերաբերյալ իրական, ներկա ընկալումն ու պատկերացումները: Հակառակ դեպքում ստացվում է, որ, իրականում, Կաթողիկեն ոչ թե շեշտվում և կարևորվում է, այլ վարկաբեկվում, քանի որ դրա կողքին ծնվում է դրա կեղծ նմանակը, կլոնը, ինչի արդյունքում պատմական ժամանակաշրջանների խառնաշփոթ և խեղաթյուրում է տեղի ունենում: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այս ողջ տարածքը Կաթողիկեի ազդեցության գոտում է գտնվում և դրա դերի և իմաստի շեշտմանը պետք է ծառայեցվի, այդ հիմնավորմամբ նույնիսկ Լեզվի Ինստիտուտի շենքը քանդվեց տարիներ առաջ: Իսկ ի՞նչ դերում է հայտնվում Կաթողիկեն այս համալիրի կառուցման արդյունքում: Սա է հարցը, որին պետք էր փորձել պատասխանել նախագիծը հղանալու ժամանակ:

Սակայն, մյուս կողմից էլ, թեև նախագծին դեմ էին բոլորը, այն, առանց վերամշակելու, կյանքի է կոչվում: Հասարակական և մասնագիտական պահանջը փաստացի հաշվի չի առնվում: Եթե Կինո Մոսկվայի ամառային դահլիճի հարցում հաջողություն գրանցվեց, վերջին երկու նախագծերի դեպքում կարծես սայլը տեղից չի շարժվում, թեև հասարակական մեծ դժգոհություն կա:
 
Երբ ես Կաթողիկեի խնդրով զրուցում էի որոշ ճարտարապետների հետ` մի շատ իրավացի հարց ստացա. իսկ ինչու՞ չէիք բողոքում այդ նախագծի դեմ մինչ դրա շինարարության սկսվելը, չէ որ այդ նախագծի մասին հայտնի էր դեռ վաղուց: Կարծում եմ, հարցը շատ տեղին է, քանի որ այս նախագծի իրականացման ծրագրերը արդեն բավական խորն են գնացել և դրա կանգնեցման համար շատ ուժեղ և հիմնավոր փաստարկներ են պետք, որոնք դեռ, կարծես, չկան: Այն փաստարկները, որոնցով հիմնականում մեկնաբանվում է նախագծի խնդիրը, գուցե ճիշտ և իմաստալից են, բայց բավարար հիմք չեն որևիցե հիմունքով պահանջելու դրա  շինարարության կանգնեցումը:
 
Բացի այդ, Ս. Աննա եկեղեցու և Կաթողիկոսական նստավայրի կառուցման նախագծի առաջացրած հանրային բողոքի մեկ այլ մեկնաբանություն էլ կա, որը, ցավոք, առանձնապես ոչ գիտակցվում, ոչ էլ այդ մասին խոսվում է: Հարցն այն է, որ եկեղեցական ինստիտուտը սպառել է իրեն այն ֆորմատով և դերակատարմամբ, որով այն այսօր հանդես է գալիս: Մենք հստակ չենք տեսնում ոչ Եկեղեցի հաստատության, ոչ կառույցի իմաստը, դերն ու նպատակը, քանի որ այն իրոք այսօր խեղաթյուրված է և իմաստավորման կարիք ունի: Արդյունքում, թե նոր եկեղեցու, թե նստավայրի կառուցումը հանրության համար անհասկանալի, նեղ ինստիտուցիոնալ, նեղ անձնային ակցիա է միայն: Դրան գումարելով թե հանրության, թե մասնագիտական շրջանակներում գրագետ, քաղաքավարի և պրոֆեսիոնալ դիսկուսիայի մշակույթի բացակայության և մեր ավանդական հայկական կրքոտ ու էմոցիոնալ բնավորության փաստը` արդյունքում ստանում ենք հերթական շիլա-շփոթ, կրքերի և խրատա-մեղադրական ճառերից և բարդ-դետեկտիվ անալիզներից կազմված մի աղմուկ:

Նույն բանը կարելի է ասել և հրապարակի թմբուկի խնդրի վերաբերյալ: Եթե մենք 21-րդ դարում վերականգնում ենք 20-րդ դարի առաջին կեսից մնացած մի նախագիծ, ապա այն պե՞տք է լինի աուտենտիկը, թե՞ կարող է ենթարկվել մեկնաբանության, ադապտացվել ներկա հնարավորություններին և խնդիրներին: Ի վերջո ո՞րտեղ է վերջանում այդ աուտենտիկությունը և սկսվում մեկնաբանությունը: Եվ արդյո՞ք, եթե նույնիսկ այդ նախագիծը “մեկը մեկի” կառուցվեր այնպես, ինչպես Թամանյանն է դա տեսել (եթե ընդհանրապես հնարավոր է լիովին պատկերացնել, թե նա ինչպես է պլանավորել այդ կառույցը), այսինքն` պահպանելով թե ներքին ծավալային լուծումները, թե հատակագծումը և թե նույն կոնստրուկտիվ համակարգը` քարի, տուֆի լեզուն, ապա դա կլինե՞ր աուտենտիկը: Եվ, ամենակարևորը, արդյո՞ք  ընդհանրապես հնարավոր է ստանալ աուտենտիկություն վերարտադրման ճանապարհով, արդյո՞ք Ս. Աննա եկեղեցին կարող է համարվել աուտենտիկ և ինքնություն ունեցող կառույց: Իսկ դա կարևո՞ր է: Եվ ի՞նչն ենք մենք կարևորում, ի՞նչն է մեզ համար արժեք, սկզբունք` պատկե՞րը, արտաքին կաղապա՞րը, մեռած ավանդու՞յթը, թե՞ բովանդակությունը` կենդանի մշակույթը: Եվ ո՞րն է այդ բովանդակությունը, իսկ մենք ունե՞նք կենդանի մշակույթ, թե՞ մերը միայն ավանդույթն է:

Սրանք, կարող է թվալ, շատ տեսական հարցեր են, բայց հենց այս հարցերի պատասխանը մենք պետք է ունենանք այս նախագծերի խնդիրներին պատասխանելու համար: Հակառակ դեպքում, բոլոր փաստարկներն ու հակափաստարկները մնալու են թերի, մակերեսային և խոցելի:

Իրականում, այս հարցադրումները մեր մշակույթի և, հատկապես, ճարտարապետության ու քաղաքաշինության գլոբալ  խնդիրն են: Մենք դեռ չենք ձևավորել ոչ մշակութային, արժեհամակարգային, ոչ էլ օրենսդրական մակարդակով մոտեցումը մեր պատմական միջավայրի, դրա միջամտության, ձևափոխման և ադապտացման հնարավորությունների վերաբերյալ:
 
Եվա, վերջին շրջանում հասարակությունը բուռն ընդունեց նաևԵրևանի գլխավոր ճարտարապետի նշանակումը: Բացի այդշատ էխոսվում այն մասինոր Երևանի գլխավոր ճարտարապետիհաստիք որպես այդպիսին չպետք է լինիՀամաձա՞յն եք:
 
Այստեղից էլ գալիս ենք խնդրի և Ձեր հարցի մյուս կողմին: Թողնելով հիմա մի կողմ մշակույթի և արժեհամակարգի ձևավորման խնդիրը, անդրադառնամ հարցին այլ դիտանկյունից: Իրականում, այս նախագծերի վերաբերյալ նման բնույթի քննարկում ընդհանրապես չպետք է առաջանար: Նման նախագծերի մեկնաբանությունն ու հիմնավորումը պետք է պայմանավորված լինեն խիստ նորմավորված, խիստ կարգավորված, իրավական ուժ ունեցող քաղաքաշինական և այլ դրույթներով` ներառյալ գլխավոր հատակագիծը, գոտիավորման նախագծերը, հուշարձանների և քաղաքաշինության մասին օրենքները, և այլն: Իսկ պաշտոնյան հիմնականում այդ դրույթների, օրենքների ճիշտ իրականացմանը հետևողն է:

Այս առումով, գլխավոր ճարտարապետի ինստիտուտը շատ կարևոր է: Եթե պատկերավոր ասենք, որ քաղաքը դա մի մեծ սիմֆոնիա է, բաղկացած իրենց ուրույն դերը, խոսքն ու կառուցվածքը ունեցող տարբեր ձայներից, գործիքներից և մեղեդային թեմաներից, որոնք քաղաքաշինության դեպքում էկոլոգիան, տրանսպորտային խնդիրներն են, տնտեսական և ներդրումային ծրագրերը, բնակչության, հասարակության կենսագործունեության և զարգացման հարցերը և այլն, ապա գլխավոր ճարտարապետը դառնում է “քաղաքաշինություն” մեծ սիմֆոնիայի դիրիժորը: Այսինքն` նա կազմակերպում է այդ տարբեր ձայների և գործիքների` քաղաքաշինական և ճարտարապետական տարատեսակ խնդիրների ճիշտ և գրագետ հնչեղությունը, իրականացումը: Նվագախումբը չի կարող գործել առանց դիրիժորի կարգավորման: Բայց, ինչպես սիմֆոնիան, այդպես էլ քաղաքը միայն դիրիժորի աշխատանքի արդյունք չէ: Դրան պետք է մասնակցի տարբեր մասնագետների մեծ խումբ:

Թեև գլխավոր ճարտարապետի ֆունկցիան կարևորեցիք, սակայն, ըստ Ձեզ, արդյո՞ք ճիշտ  է անընդհատ նույն ճարտարապետի բերել այդ պաշտոնին:
 
Խնդիրը նույն ճարտարապետի բերելու մեջ չէ, նույն մարդը կարող է վերանշանակվել նույն պաշտոնին, դրա մեջ սկզբունքային խնդիր չկա: Հարցն այն է, որ թե մասնագիտական, թե լայն հանրությունը միևնույն է դեմ է լինելու ցանկացած անձին, մեկի դեպքում շատ, մյուսի դեպքում` գուցե քիչ: Մենք, միևնույն է, բողոքելու ենք ցանկացած դեպքում` առանց փորձելու հասկանալ պաշտոնյայի, ով էլ որ նա լինի` ամենացածրից մինչև ամենաբարձր, առաջարկած ստրատեգիաներն ու այդ ծրագրերի իրականացման նրա հնարավորությունները: Բավական է հիշել նախորդ գլխավոր ճարտարապետի հանդեպ սկսված վիրտուալ քննադատությունների շարքը: Մեզ մոտ սա բնավորություն, կենսակերպ և ավանդույթ է դառնում կարծես, համատարած մերժողականությունը և արդեն դասական դարձած “չուզողությունը” կարծիք արտահայտելու միակ ֆորմատն է, որին մենք ունակ ենք: Այս մթնոլորտում, ցավոք, մեռնում է պրոֆեսիոնալիզմը և իրական փաստարկներով կիրթ ու գրագետ խոսելու ունակությունը: Արդյունքում, բնականաբար, ոչ մի սայլ էլ տեղից չի շարժվի:
 
Ըստ Ձեզ, այս պահին ի՞նչ քայլեր պետք է մշակել ճարտարապետական հնարավոր աղավաղումներից հետագայում խուսափելու համար:  Արդյոք քաղաքաշինական նոր փաստաթղթերու նախագծեր են հարկավոր:
 
Մեզ, կարծում եմ, միանշանակ հարկավոր է թե նոր ադմինիստրատիվ համակարգ, որը որոշումների և պատասխանատվությունների ծանրությունը մեկ անձից կտեղափոխի խմբի վրա, թե վերանայված և հավելված օրենքներ: Այդ նոր ադմինիստրատիվ համակարգը, կարծես թե, հիմա արդեն ստեղծվում է` հանձինս Երևանի ավագանու: Վերջերս քննարկման է նաև դրվել ճարտարապետության մասին օրենքը, որն իր բնույթով նոր է: Ես կարծում եմ, որ նաև պետք է աշխատանք տարվի մի մեծ քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման ուղղությամբ, որտեղ կաշխատեն արդիական, նոր որակի գիտելիքներով զինված տարատեսակ մասնագետներ: Ի վերջո, քաղաքաշինական ծրագրերը միայն ճարտարապետության և քաղաքաշինության հետ չեն կապված, ճիշտ ու նպատակային ծրագրեր կազմելու համար պետք է նախ և առաջ հասկանալ մեր նոր հասարակության դեմոգրաֆիկ, տնտեսական, կենցաղավարման  և այլ ցուցանիշները: Այս հարցերի ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն սոցիոլոգները, անթրոպոլոգները, ինչու չէ` մշակութաբանները, և նրանք պետք է ճարտարապետին ու քաղաքաշինարարին տան քաղաքի զարգացման և կառուցապատման վերաբերյալ առաջադրանք:

Այս առումով ես նաև շատ եմ կարևորում մեր կառավարության և լոկալ ղեկավար մարմինների կողմից հանրության հետ երկխոսության մեջ լինելու, բաց լինելու խնդիրը: Կարծում եմ, որ պետք է պետական մակարդակով համակարգեր ստեղծվեն ոչ միայն հանրությանը տարատեսակ քաղաքային և քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկացնելու ուղղությամբ, ինչը որոշ առումով արվում է քաղաքապետարանի և նախարարությունների կայքերի տեղեկատվական բաժիններում, այլև հնարավորություն տրվի քաղաքացուն կառավարության, պաշտոնյայի հետ հարց-պատասխանի, երկխոսության մեջ լինելու այդ ծրագրերի վերաբերյալ: Մի խոսքով` պետք է նպաստել հանրային հսկողության կայացմանը, ինչը գուցե մեր հանրության պարագայում ոչ այնքան արդյունավետ և նպատակահարմար կլինի, քանի որ մենք այդ ցիվիլ և գրագետ եկխոսության կուլտուրան դեռ, ցավոք, չունենք, բայց, համենայն դեպս, պետք է այս ուղղությամբ թե հանրության կրթման, թե առավել թափանցիկ ադմինիստրատիվ համակարգի ստեղծման ուղղությամբ քայլեր անել:

Հարցազրույցը նախապես հրապարակվել է lragir.am կայքում

Leave a Reply