Simple components of an intricate problem
January 16, 2011
Yerevan Youth Palace
The palace before the dismantlement
Multi-use building complex including municipal marriage bureau, hotel, swimming pool, different type of dinning areas. Architecs: A. Tarkhanian, H. Poghosian, S. Khachikian & M. Zaqarian
In February 2011 for the first in independent Armenia an open international architectural competition was held on the subject of a new design proposal of a hotel, business and dwelling complexes on the site of the hotel “Eritasardutyan palat” which was demolished few years ago. This hotel was an important architectural landmark and one of the few modernists buildings that Yerevan inherited from Soviet times. However it was privatized and demolished because of not being suitable for contemporary hotel standards.
This competition was an intricate project both from conceptual and organisational point of view. From the organisational perspective it showed its supposedly corrupted and obviously fake ideological bases. From conceptual point of view it revealed clearly Armenian architects visions and aspirations of seeing something replicating the architecture of the former hotel. This very article is investigating the organisational bases of the competition by presenting explanations, interpretations and complaints of the organisators, participants and other stakeholders of the competition.
Կա կարծիք, որ «կարևորը հաղթելը չէ, այլ՝ մասնակցությունը»: Կա հակակարծիք, որ դա «լուզերների» հորինած արդարացման միջոց է միայն: Բայց կան դեպքեր, երբ մրցույթի ոչ միայն կարևորությունը, այլև ողջ իմաստը միայն և միայն մասնակցության մեջ է կայանում: «Կուկուրուզի» մրցույթը այդ դեպքերից է: Մեկ այլ հոդվածում նշել եմ՝ մրցույթում հաղթող չէր էլ կարող լինել ոչ միայն այն պատճառով, որ մրցույթն ի սկզբանե ծրագրավորված էր այդպես, այլև նախ և առաջ այն հիմնավորմամբ, որ մենք այսօր պատրաստ չենք դեռ պատասխանելու, թե ինչ ենք ուզում տեսնել այդ խորհրդանշական տեղում կանգնած:
Շեշտեմ, որ բոլորովին էլ նկատի չունեմ, որ Հայաստանում չկա բավական կոմպետենտ մասնագետ նման նախագիծ անելու համար: Կան: Հարցը նրանում է, որ նույնիսկ ամենագրագետ և ստեղծագործ ճարտարապետը նման կարևորության նախագիծ անելուց ազատ չէ միայն իր տեսիլքով առաջնորդվել: Նմանատիպ կառույցները ոչ միայն քաղաքաշինական դիրքով են դոմինանտ, այլև՝ խորհրդանշական, դրանք արտահայտում են ողջ հանրության գաղափարական, մշակութային դիրքորոշումը: Իսկ ո՞նց նախագծես նման հավաքական իմաստներով ու որակներով ձևավորված մի բան, երբ այդ իմաստները, դիրքորոշումն ու սկզբունքների, արժեքների համակարգը մեր հասարակությունում, և հատկապես մասնագիտական հանրության շրջանակներում, ոչ միայն համընդհանուր չէ, ինչը որոշ առումներով նորմալ է, այլ ուղղակի գոյություն չունի:
Մեր նպատակը միայն այն էր, որ մենք մեր դիրքերին և մյուս բոլոր գործերին ծանոթանանք: Մրցույթին մասնակցելու նպատակը բոլորովին էլ շահելը չէր: Հովհաննես Մութաֆյան, ճարտարապետ
Այս մրցույթի միակ արդյունքն ու իմաստը պետք է լիներ մասնագետներին համախմբելը մեկ ընդհանուր դաշտում, մեկ ընդհանուր, կոնկրետ խնդրի շուրջ, որը պետք է առաջ բերեր մտքերի, կարծիքների բազմազանություն, նույնիսկ՝ տարաձայնություն, բայց այս ամենով կնպաստեր մտափոխանակությանն ու գուցե նաև կարծիքների որոշակի ընդհանրացումներին: Կշահեր հասարակությունը (վերջապես քննարկում կլիներ մեր հավատալիքների, արժեքների ու ակնկալիքների վերաբերյալ), մեծապես կշահեր ճարտարապետական հանրությունը (վերջապես հնարավորություն կլիներ կոնկրետ օրինակներով, առանց վերացական մտազեղումների զրուցել մեր մասնագիտական պատկերացումների, մոտեցումների վերաբերյալ, ճշտել մասնագիտական դիրքորոշումները) և կշահեր պատվիրատուն, ով ի վերջո կստանար հնարավորինս հիմնավոր, վերջնական կարծիք համալիրի և հատկապես հյուրանոցի ճարտարապետական կերպարի վերաբերյալ:
Եվ հենց այս իր հիմնական առաքելությունն էր, որ մրցույթը չկարողացավ կատարել: Իհարկե, մրցույթն ուներ հեղինակավոր և բավականին կոմպետենտ ժյուրի, ով, թերևս, կայացրել է լավագույն որոշումը: Գուցե ժյուրին հեղինակավոր մասնագետներից էր բաղկացած և գուցե այլ երկրում, այլ մրցույթի պարագայում ժյուրիի կարծիքը հիմնավոր լիներ, սակայն փորձը ցույց է տալիս, որ «հայի հոգին օտար արշիններով չես չափի»: Սա հենց այն դեպքն էր, երբ այլազգի մասնակիցները չէին կարող իրավիճակին համապատասխան որոշում կայացնել, հատկապես որ իրավիճակն իրենց խորապես չէր էլ ներկայացված: Մեր հասարակությունը, քաղաքն իր զարգացման ընթացքով ու մթնոլորտով, հասարակական նորմերով ու արժեհամակարգով, ներքին խնդիրներով ու ակնկալիքներով իրենց անհասկանալի է և երևի թե չէր էլ կարող հասկանալի լինել նույնիսկ մրցույթայի պայմաններում լավ ներկայացված լինելու դեպքում: Երևի դա է պատճառը, որ ժյուրին և այլազգի մասնակիցներից շատերը նախագծման խնդրին մոտեցել են որպես բացարձակ, մշակութային և քաղաքաշինական կոնտեքստից կտրված տարածք ու առաջադրանք:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ մրցույթը, որին բոլոր հայ ճարտարապետները այդքան մեծ նվիրվածությամբ ու ակնկալիքներով էին մոտեցել, համարվում է ձախողված: Հիասթափության տոկոսը մասնակիցների շրջանակում, որ չեն զբաղեցրել ոչ մի մրցանակային տեղ, իհարկե, իր դերն ունի: Սակայն ձախողման հիմնական պատճառը հենց վերում նշված մրցույթի՞ մասնագիտական ինտեգրմանը չնպաստող գործոնն է, ինչի պատճառն էլ իր հերթին պետք է փնտրել նախ կազմակերպչական ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ:
Հենց սկզբից դժգոհ էի ներկայացված առաջադրանքի ոչ պրոֆեսիոնալիզմից, որովհետև խնդիրները բավականին շատ էին տրված, բայց ներկայացված նյութերը` բավականին թերի: Տպավորությունն այնպիսին էր, որ առաջադրանքը կազմողը մտքում արդեն ուներ ինչ-որ մի նախագիծ, բայց նյութեր չէր տվել, որպեսզի մրցույթի մասնակիցներն աշխատեին: Թերի էր հատակագիծը, թերի էին տրված բոլոր նյութերը, և ես իմ առաջադրանքի մեջ էդ ամենի մասին նշել եմ, գրել եմ, որ առաջադրանքը թերի է: … Կուզենայի, որ ճարտարապետները միշտ լինեն բարձունքում որպես ճարտարապետ և էդպիսի լուրջ կոնկուրսներն անցկացվեն մի քիչ լուրջ, որպեսզի էն վերաբերմունքը, որ ունի մեր կառավարությունը այս մասնագիտության նկատմամբ, մի քիչ փոխվի: Հովհաննես Մութաֆյան, ճարտարապետ
Ինչքան էլ որ կազմակերպիչները պնդեն, որ Հայաստանում չկա կոմպետենտ մասնագետ, ով կարողանա դատել մրցույթի որակի և ստանդարտներին համապատասխանության մասին, ցավոք պետք է նշել, որ այդպիսիք շատ են: Փառք Աստծո, բոլորս էլ մասնակցում ենք միջազգային մրցույթների և գիտենք ինչ որակի ու բաղադրության է լինում ճարտարապետական առաջադրանքի ծավալը:
Շատ հռետորական չլինելու համար բերեմ մեկ օրինակ, որը իմ մասնակցած մրցույթներից ամենանմանն էր տվյալ մրցույթի խնդրին: Հոլլանդիայի Դելֆթ քաղաքի հսկայական տեխնոլոգիական համալսարանի հեղինակավոր Բաուքունդի ճարտարապետական դպրոցի շենքն այրվել էր: Պետք էր նորը կառուցել, որը լիներ և ավելի հարմար, ֆունկցիոնալ և ինչ-ինչ միջոցներով հղում աներ նաև նախորդ, կործանված շենքին, որը հոլլանդացիների համար պակաս սիրելի, հարազատ ու կարևոր չէր, քան մեզ համար «Կուկուրուզը»: Դրա համար մրցութային առաջադրանքի մեջ մտցվել էին շուրջ 50 կարճ հարցազրույց դպրոցի ուսանողների, դասախոսների և այլոց հետ, ովքեր պատմում էին շենքի հետ կապված իրենց ապրումների ու պատկերացումների մասին, դրա խնդիրների ու դերի մասին, կարծիք էին հայտնում, թե ինչ կուզեն տեսնել դրա փոխարեն: Տրամադրվել էր տասնյակ էջանոց պատմական ակնարկ ողջ դպրոցի և շենքի պատմության վերաբերյալ, քաղվածքներ մամուլից ու ակնարկներ շենքի դերի ու ճարտարապետության վերաբերյալ մոտ 10 տարբեր երկրների մասնագետներից: Այդ ամբողջ ինֆորմացիային ծանոթանալուց հետո ես ինձ զգում էի այդ դպրոցում ծնված ու ապրած, այնքան հարազատ, ընկալելի ու հասկանալի էր դարձել շենքը, միջավայրն ու խնդիրը:
Թերևս ինչ-որ առումով ճիշտ է, որ «Կուկուռուզի» մասին ինֆորմացիա չի տրվել, քանի որ դա առավել հնարավոր է դարձնում մասնագետների ազատ ստեղծագործելը, չկապելով խնդիրը նախորդ դարի ճարտարապետության հետ: Բայց ներկայացնել տարածքի և «Կուկուռուզի» ողջ պատմությունն ու դերը կօգներ արտասահմանյան մասնակիցներին առավել լավ զգալ եվ տարածքը, և դրա մշակութային ու հասարակական կոնտեքստը, ինչը բացարձակապես ներկայացված չէր: Մասնակիցներին առաջադրանքով ներկայացվել էր ընդամենը մի վերացական տարածք, և բնական է, որ ցանկացած «պատրաստի» նախագիծ որոշ ադապտացիաների արդյունքում կարող էր հարմարեցվեր այդ տարածքում:
Առաջադրանքը թույլ էր, կազմված էր սխալներով: Ես, երբ կարդում էի, շատ լավ հասկանում էի, թե ինչ են ուզում, որովհետև պատվիրատուների հետ աշխատելու շատ մեծ փորձ ունեմ, հատկապես այն պատվիրատուների հետ, ովքեր չեն կարողանում հստակորեն արտահայտել իրենց մտքերը: Միայն ընդհանուր խոսքերի մակարդակի վրա կար ինչ-որ ցանկություն, բայց ի՞նչպես այդ ցանկությունը զգալ և դարձնել առաջադրանք` Ճարտարապետի համար ամենակարևորը առաջադրանքն է: Ես, որպես փորձառու և տեղացի ճարտարապետ, շատ լավ հասկացա, թե ինչ է ուզում պատվիրատուն, իսկ դրսի կամ երիտասարդ, ոչ փորձառու ճարտարապետի համար ակնհայտ էր, որ առաջադրանքը շատ վատ էր կազմված: Էնտեղ ընդհանրապես առաջադրանք չկար: Մի քանի ընդհանուր խոսքեր էին այն մասին, որ շատ կարևոր կառույց է, շատ կարևոր տեղում է գտնվում, ինչպիսին պետք է լինի նոր շենքը, բայց դրանք շատ ընդհանուր խոսքեր են: Կողմնորոշիչ հարցեր չկային` թե' քաղաքաշինության, և' թե այն բանի վերաբերյալ, թե ինչպիսին պետք է լինի շենքն ամբողջ տարածքի մեջ, թե ինչպես է ուզում տեսնել շենքը` միայն հյուրանոց, թե` ֆորում: Ես, օրինակ, հասկացա, թե պատվիրատուն միգուցե ուզում է այնտեղ ֆորումային մաս ունենալ, բնակելի մաս: Ես շատ ավելի լայն էի պատկերացնում: Շատ մշուշոտ էր գրված առաջադրանքը: Դա խոսում է կազմողների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Թող ներեն ինձ, բայց առաջադրանքն էդպես չեն կազմում:Անահիտ Թարխանյան, ճարտարապետ
Ինչ է ասում այս ինֆորմացիոն բացի մասին մրցույթի կազմակերպիչ ու պատասխանատու ճարտարապետ Լևոն վարդանյանը
- Հիմա, տեղեկացնելով, երիտասարդության պալատին գնահատական տա՞նք, թե ինչու է քանդվել: Նախ արտասահմանյան այն ֆիրմաները, որոնք ցանկացել են տեղյակ լինել, իրենց մասնակիցներին այդ ընթացքում ուղարկել են Երևան: Մասնակիցներ էլ կային, ովքեր ինտերնետից քաշել են երիտասարդական պալատի մասին ամեն ինչ: Առաջադրանքի մեջ գրված էր, որ պետք է դոմինանտ լինի ու պետք է հաշվի առնել եղած հիշողությունը: Դա գրված կար: Այսինքն նայել են, ուսումնասիրել ամեն ինչ: Նման հարցադրումը գալիս է այն բանից, որ իմ կոլեգաների մեծ մասը չգիտի, թե նման մասշտաբի կոնկուրսը ինչպես է կազմակերպվում: Սուրճի բաժակի կողքին ենթադրություններ են անում: Ով ցանկացել է` ամբողջ ինֆորմացիան ստացել է:
Մրցույթն այնքան պրոֆեսիոնալ էր կազմակերպված, որ մարդիք ստիպված ինտերնետում հավելյալ (ավելի շուտ՝ անհրաժեշտ) նյութեր են փնտրել: Դոմինանտության մասին նշված է առաջադրանքում, հուշերի մասին՝ ոչ մի խոսք: Գուցե դա ճիշտ է, որ չի եղել անդրադարձ «հուշերին», բայց այդ դեպքում եկեք ուրեմն չստենք: Չնայած որոշ մարդկանց համար ստելը ամբողջ կյանքում նորմա է եղել: Անցանք առաջ:
Հասկանալի չէ, թե ինչ է կատարվում քաղաքապետարանում, որովհետև, եթե առաջ կար ճարտարապետների խորհուրդ, քննարկումներ կային, հիմա չգիտես, թե ինչ է կատարվում ճարտարապետական դաշտում: Քաոս ա, ինձ համար քաոս ա: Դրա մեղավորն առաջին հերթին քաղաքապետն է, առաջին հերթին՝ գլխավոր ճարտարապետն է, նաև` ճարտարապետների միությունը: Ամեն մեկն առանձին իրենց համար ստեղծել են տաք միջավայր ու ընդհանրապես չեն մտածում ճարտարապետական դաշտի մասին: Ճարտարապետների միության նպատակը ոչ թե ինչ-որ թաղումներ կամ շնորհանդեսներ, հուշ-երեկոներ կազմակերպելն է, այլ` ստեղծել ճարտարապետների ինչ-որ միություն, որի անդամները կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, ճարտարապետությունը պաշտպանել, քննարկումներ անել և այլն: Հովհաննես Մութաֆյան, ճարտարապետ
Մյուս պատճառը, որ կարծում եմ առավել մեծ դեր ուներ մրցույթի չկայացման գործում, դա մեր մասնագիտական դաշտի անկազմակերպվածությունն ու փոխադարձ անվստահության մթնոլորտն է: Աստված իրենց հետ, էդ կազմակերպիչների, մենք ունենք, օրինակ ճարտարապետների միություն, որը կոչված է հենց նման հարցերով զբաղվել, քննարկումներ, ցուցահանդեսներ կազմակերպել, մի խոսքով զբաղվել մասնագիտական ինտեգրման հարցերով: Լավ, միությունն էլ գիտենք ինչ է իրենից ներկայացնում: Իսկ առանձին ճարտարապետները, ովքեր շատ լավ են անհատական զրույցներում կամ նեղ ընկերական շրջանակներում ճարտարապետությունից ու հատկապես դրա հայկական ինտրիգային իրականության մասին բողոքելուց ու քննադատելուց, ի՞նչու չհամախմբվեցինք համատեղ ուժերով և քննարկում, և ցուցահանդես կազմակերպելու համար: Մոսկվայի մեր կոլլեգաների օրինակը, ովքեր շատ արագ կազմակերպեցին ոչ միայն բոլոր ռուս ու ռուսաստանաբնակ հայերի աշխատանքների ցուցադրությունը և նույնիսկ հետ-Սովետական ճարտարապետության խնդիրների վերաբերյալ Կլոր սեղան՝ թերևս կարող է մեզ և օրինակ, և ամոթանք ծառայել: Ռուսաստանում քննարկում են Երևանյան հետ-Խորհրդային ճարտարապետության զարգացման միտումները, իսկ Երևանը նույնիսկ մի ցուցահանդես նորմալ չի կարողանում կազմակերպել: Իսկ երբ փորձում էի կայքումվիրտուալ ցուցահանդեսի համար մասնակիցներից նախագծեր վերցնել, բախվեցի մի քանի հարկանի կոնսպերացիաների շարքի մասնակիցներից շատերի կողմից: Օրինակ, Գրիգոր Ազիզյանն ընդհանրապես մերժեց «ԳոսՊրոեկտի» կողմից մրցույթին մասնակցած ճարտարապետների ու արվեստանոցների անուններն ասել: Ինչ է, դա մեզ այդքան դժվա՞ր էր լինելու պարզել: Գուցե ես ինչ-որ բան դեռ չեմ հասկանում, բայց որ՞րն է իմաստը արդեն մի անգամ ցուցադրված նախագիծը մարդի տալու ենթակա աղջկա նման փայփայել յոթը դռան ետևում: Ի՞նչու ենք մենք այսքան փակ ու խուսափող իրարից:
Հակառակ այն բոլոր պնդումներին, որ մրցույթը չի կայացել, ես համարում եմ, որ մրցույթը կայացել է: Ուղղակի հնարավոր է, որ կա մի տեսակ անբավարարվածություն, որ մրցույթը վերջնական դրական արդյունքի, ինչպես բոլորս էինք ցանկանում, չբերեց նաև այն առումով, որ 6 նախագծերում, որոնք ընտրվեցին ֆինալում, որևէ հայ ճարտարապետ չկար: Մկրտիչ Մինասյան, ՃՄ նախագահ
Էկրանի լուսավորությունը թույլ էր: Սլայդ-շոուից ոչինչ չհասկացվեց: Անգամ իմ նախագիծը, եթե չիմանայի, որ իմն է, չէի ճանաչի:
Վահրամ Մխչյան, ճարտարապետ
Պլանշետները տպված էին հորիզոնական, բացի դրանից կային պլանշետներ, որ արտասահմանյան մասնակիցներն արդեն իրենց երկրում տպված բերել էին, որը չպետք է լիներ: Մենք պետք է ֆայլով տայինք, իրենք` ընտրեին, հետո այստեղ մենք տպեինք: Խաբում են մեզ` ասելով, որ էստեղ է տպված, որը սուտ է, որովհետև, եթե 8-10 նախագիծ մի տեղում տպել են, ապա բոլորը պետք է մի որակի լինեն, մի մակարդակի, իսկ տպված բոլոր նյութերը տարբեր մակարդակի էին, տարբեր պլանշետների վրա կպցրած: Այսինքն, իրենք մտածել էին, որ ժողովրդին կխաբենք ու կգնա: Էս գործընթացում կար խաբելու մեխանիզմը, որը վիրավորական է: Բոլոր ճարտարապետները վիրավորված են, նույնիսկ` նրանք, ովքեր այս մրցույթին չեն մասնակցել: Շատ խիստ զայրացած են բոլորը էդ վերաբերմունքից և վիրավորված: Հովհաննես Մութաֆյան, ճարտարապետ
Չնայած պետք չէ անտեսել նաև Լևոն Վարդանյանի հետևյալ հիմնավորումը, թե ինչու նորմալ շարունակություն և արձագանք, քննարկում չունեցավ մրցույթը: Մեր լրագրողի հարցին, թե «իսկ մրցույթի ամփոփումից հետո հնարավոր չէր բանավեճ կազմակերպել , որին ներկա գտնվեին թե' ժյուրիի անդամները, թե' մասնակիցները, թե' չմասնակցած ճարտարապետներ և պարզապես քաղաքացիները, և' ԶԼՄ ներկայացուցիչներ և , այդպիսով, տեղեկատվության բացը կլրանար», նա ասաց հետևյալը;
-Հայաստանի ճարտարապետների միության որևէ մասնագետ կամ ԶԼՄ ներկայացուցիչ դեռ չի դիմել, ինչպես դուք, և նման ցանկություն հայտնել կամ ասել` հարցեր ունեմ կամ երեկո արեք, մենք էլ կգանք ու մեր հարցերի պատասխանը կլսենք: Եթե չկա ցանկացող՝ չկա ասող: Իրենք որոշել են արդեն, իրենք բունտեր են անում, ցուցահանդես են կազմակերպում՝ եղավ: Եթե մեկնումեկը դիմել է և մենք չենք ընդառաջել, իրենց հարցադրումը չենք բավարարել, ձեր հարցը տեղին կլիներ, բայց էդպիսի երևույթ չկա:
Փետրվարի 24-ին մենք ասուլիս ենք արել մինչև կոնկուրսը և ժյուրին ներկա է եղել, ի միջի այլոց, ԶԼՄ-ներին զանգահարել և ասել եմ, որ ամսի 24-ին ժամը 11-ին ամփոփվում է: Այդ օրը ներկա բոլոր լրագրողների և մեր կոլեգաների առջև բացում ենք ծրարները, որպեսզի հասկանանք, թե մրցանակային տեղերը ովքեր են կոնկրետ զբաղեցրել: Բայց պարզվեց, որ կիրակի օրը լրագրողները մեզ մոտ հանգստանում են: Նշանակում է, որ լրագրողը օր ունի, երբ ամբողջ Հայաստանում լրատվությունը մեռնում է, Հայաստանի Հանրապետության կյանքում կիրակի օրը պիտի որևիցէ երևույթ չլինի, որովհետև լրագրողը հանգստանում է…Ժյուրին ներկա էր, ամփոփում էր: Հարցե՞ր ունեք հղելու, ինչ-որ անհասկանալի հարցե՞ր կան կամ դժգո՞հ եք: Ժյուրին դրա համար ասուլիս է անում: Նույնը վերաբերում է իմ կոլեգաներին: Ներկա չեն լինում, հետո գնում են տուն ու սուրճի բաժակի կողքը որոշում են` ճիշտը որն է, սխալը որն է:
Նախ ասեմ, որ ասուլիսը հիմնականում լրագրողների համար է, իսկ խնդիրը մասնագիտական քննարկմանն է վերաբերվում, ինչը չէր կարող լինել լրագրողների հետ համատեղ և անմիջապես մրցույթից հետո: Պետք է կազմակերպվեր իրական ցուցահանդես, ժամանակ տրվեր մասնակիցներին ծանոթանալու արդյքունքներին և ձևակերպված մտքերով ու հարցերով հանդիպել ժյուրիին, կազմակերպիչներին և միմյանց: Ի դեպ, ցուցահանդսի մասին Լ. Վարդանյանը մեզ պատմեց հետևյալը.
-Ճիշտ կլիներ, որ իմ կոլեգաները ծանոթ լինեին մրցութային կանոններին: Թե չէ օրենքներին ծանոթ չեն, նույնիսկ ծանոթ չեն ՀՀ մրցույթներին վերաբերող օրենքներին, և գալիս են ամեն մեկն իր իմացածով ու փորձում հարցադրումներ անել և իրենց հարցերին պատասխանններ ստանալ: Աշխատանքները տպվել են: 6 ֆինալիստի աշխատանքները տպված ցուցադրվել են, իսկ ամբողջ 275 աշխատանքը Մոսկվայի տանը սլայդ-շոուի տեսքով պտտվում էր…Եթե ես նույնիսկ փորձեի 275 աշխատանքը տպել, իսկ ամեն մի աշխատանքը 4 գծամետր երկարություն ուներ, բազմապատկեք 275-ը 4-ով և կտեսնեք, որ դա ֆիզիկապես հնարավոր չէ… Ինչպես ընդունված են միջազգային չափանիշերը, էդպես էլ կատարել են: Այսինքն, ամբողջ աշխարհում արվում է սլայդ-շոու: Նախագծերը տպվում են միայն վերջում` փուլերով անցնելուց հետո: Որոշման ժամանակ ամեն մի կադրը էկրանի վրա մեծացվել է, և ժյուրին մանրամասն դիտել է յուրաքանչյուր աշխատանք: Ամեն մի նախագծի հետ աշխատել ենք մանրամասնորեն: Ա
մբողջ աշխարհում տպվում են միայն ֆինալի աշխատանքները, որովհետև դրանց առավելագույն թիվը լինում է 15-ը: Տպվում են, որովհետև այդ ժամանակ բախտորոշ քայլ է արվում` ֆինալ են մտնում այդ աշխատանքներից լավագույնները: Ֆինալ հասավ մոտ 6 աշխատանք, որոնք տպվել են 1-ը 1-ի օրիգինալ չափի: Ցուցասրահում 3 օր կախված են եղել, որից հետո ընտրվել են լավագույն աշխատանքները: Այսինքն, մրցանակակիր աշխատանքներն ընտրվել են այն ձևի մեջ, որը միջազգային ընդունված ստանդարտն է:
Մկրտիչ Մինասյանն, ով միակ հայ ճարտարապետն էր ժյուրիի կազմում, այսպես է բնորոշել ժյուրիի աշխատանքները.
- Եթե որևէ կասկած լիներ, որ մենք շատ քիչ ժամանակում մեծ քանակի նախագծեր ենք նայել և որ դա հնարավոր չէր լինի նայել, դա միանգամից ժյուրիի նախագահը կարող էր ֆիքսել և ասել, որ մենք նման աշխատաոճով չենք կարող արդյունքի հասնել: Բայց մենք 3 օր աշխատել ենք շատ լարված, ներկայացված բոլոր աշխատանքները նայել ենք մեծ էկրանի վրա, շատ մանրամասնորեն և, եթե որևէ տարակուսանք էր լինում այս կամ այն նախագծի վերաբերյալ, մենք այդ իրավունքները ունեինք, որպեսզի մեկ անգամ ևս վերանայեինք` մինչև որոշակի աշխատանքների որոշակի փուլում ընտրվելը: Ժամանակ է եղել, երբ մինչև 9-ը աշխատել ենք…Աշխատանքներն սկսվում էին առավոտյան ժամը 10-ին: Մեզ սահմանափակող որևէ բան չկար: Աշխատել ենք այնքան, որքան համարել ենք անհրաժեշտ: Ժյուրիի արտասահմանյան մասնակիցները, լինելով տեղում առաջին օրվանից , երկու անգամ առաջին փուլը նայելուց հետո ևս մեկ անգամ տեղանքը նայելու ցանկություն հայտնեցին: Այսինքն և' տեղը նայելը, և' աշխատանքները նայելը արվում էր մեծ պատասխանատվությամբ: Կարծում եմ, որ ժյուրին աշխատել է մեծ պատասխանատվությամբ` ունենալով բարձր պրոֆեսիոնալ մակարդակ:
Մրցույթը, իմ կարծիքով, այս ֆորմատով հաջողված էր այն առումով, որ մենք պահպանել ենք բոլոր կանոնները: Մրցույթը շատ լավ էր կազմակերպված, որովհետև մրցույթի անցկացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները կային, և ճարտարապետների միջազգային միության ներկայացուցչի կողմից գնահատվեցին հիանալի և' անցկացման պայմանները, և կանոնակարգը, և' ներկայացված աշխատանքները: Քննարկումներն արվել են շատ լուրջ, շատ բարձր մակարդակով: Ինչ վերաբերում է առաջին տեղ չլինելուն՝ որոշ մրցույթներում, ասեմ, որ այդպես էլ է լինում: Լինում են մրցույթներ, որտեղ ակնհայտ առաջին տեղ է լինում, որը ոչ մի կասկած չի առաջացնում և լինում են մրցույթներ, որոնք ի հայտ չեն բերում այն, ինչը մենք կուզենայինք տեսնել առաջին տեղում: Մկրտիչ Մինասյան, ՃՄ նախագահ
Եվ ի վերջո, եթե ընդհանրացնենք ի՞նչ եզրահանգման կարող ենք հանգել այս միջոցառման արդյունքներից:
1. Ցավոք, դժվար է խոսել ճարտարապետական միտումների մասին վստահորեն, քանի որ փաստացի, ռեալ ֆորմատով կարող ենք ծանոթանալու միայն մի քանի աշխատանքների հետ: Մեր տրամադրության տակ եղած նախագծերից, թերևս կարելի է նշել Վահրամ Մխչյանի նախագիծը, որը թեև ըստ ժամանակակից մոդայիկ (հատկապես հայ «ավանգարդիստ» ճարտարապետների շրջանակում) «փախած» կառուցվածք և երկրաչափական ֆորմա չուներ, սակայն հետաքրքիր հղում էր անում «Կուկուրուզի» ճարտարապետության վրա: Ողջ համալիրում հետաքրքիր է լուծված նաև ծավալաների ծորուն պլաստիկան: Պետք է նշել նաև Լիտվացի մասնակից Սիմոնա Սլուկայի աշխատանքը, ում նախագիծը թեև պատկերում էր չարչրկված ու «ռաբիզացած» նռան խորհրդանիշը, այնուհանդերձ որպես ճարտարապետական մետաֆոր շատ սրամիտ ու նորարարական էր լուծված: Կրկնեմ, որ մրցույթի ամենակարևոր նպատակը հենց սա էր՝ ուրվագծել որոշակի ճարտարապետական և գաղափարական միտումներ, վերլուծել դրանք և տալ պատվիրատուին որոշակի առաջարկներ: Եվ նորից կրկնեմ, որ նույնիսկ աշխարհահռչակ ժյուրին ու ընդամենը 2-3 հայ ճարտարապետ, ովքեր մուտք ունեին բոլոր նախագծերին, չէին կարող դուրս բերել այդ ընդհանրացումները: Մեր ճարտարապետական դաշտը իր պառակտվածությամբ ու չձևավորվածությամբ շատ սպեցիֆիկ է, և նման խնդիրներ պետք է շատ լայն կոնտեքստներում ու շրջանակներում դիտարկել:
2. Ոնց եղել ենք ինտրիգների ու կոնսպերացիաների մեջ թաղված, այդպես էլ հաղթական քայլով շարունակում ենք դեպի մեր մշակույթի ու ճարտարապետության փառահեղ վախճան:
3. Մենք դեռ պատրաստ չենք միջազգային մրցույթների թե կազմակերպչական առումով, թե գաղափարապես: Առաջի խնդիրը հեշտ է լուծել, կամաց կամաց կսովորենք երևի: Հետագայում, եթե մրցույթն այս մեկի նման բազմաթիվ ենթատեսքտեր ու կանխամտածված ավարտի ծրագրավորում չունենա, կարելի է փորձել ավելի գրագետ կազմակերպել և այս մեկի փորձն էլ մեծապես հաշվի առնել, իհարկե:
Բայց գաղափարապես պատրաստվածության հարցը մնում է բաց: Ո՞րքանով ենք մենք պատրաստ մեր քաղաքում տեսնել այլազգի ճարտարապետի նախագիծ, պատրաստ՝ թե օտարներին մեր ճարտարապետական դաշտ թողնելու, թե նոր որակի ճարտարապետության հետ համակերպվելու իմաստներով: Կարծում եմ` իրականում մենք դեռ պատրաստ չենք, և սա է ամենակարևոր խնդիրը, որը մենք պետք է լուծենք ինքներս մեր մեջ, միասնական, բաց զրույցների, քննարկումների, ցուցահանդեսների միջոցով:
(հոդվածը նախապես հրապարակվել է www.prm.am կայքում)
Հարցազրույցները` Նարինե Ավետիսյանի