Dexatan street 12
August 25, 2010
Ճակատը Դեղատան փողոցի կողմից
Դեղատան 12 հասցեում գտնվող այս տունը 19րդ դարի 80ականներին է կառուցված: Այն իր ճարտարապետությամբ այս ժամանակաշրջանի գուցե ամենափայլուն օրինակներից չէ, սակայն այս տունը այն եզակի պահպանված նմուշներից է, որը փաստում է այդ ժամանակաշրջանի Երևանցու կացարանի և կենցաղի մասին: Այն դասական Երևանյան քաղաքային ճարտարապետության նմուշ է՝ հատակագածում П-աձև, որի երեք թևերը հավաքված են փոքրիկ ընդհանուր բակի շուրջ: Երեք ճակատներն էլ բակի կողմից ունեն փայտե պատշգամբներ: Փողոցի կողմից մշակված է միայն մեկ ճակատը, մյուսները՝ հավանաբար հպվում էին հարևան շենքերի կողային ճակատներին: Ճակատը մշակված է ժամանակին բնորոշ դասականության ոճի պարզ էլեմենտներով:
Ժամանակին այս տանը ապրում էին 4 ընտանիք, իսկ հիմա՝ միայն մեկը: Շենքը 3րդ կարգի վթարային է, այդ պատճառով մյուս ընտանիքները մինչև երկրաշարժը ստացան այլ բնակարաններ և տեղափոխվեցին՝ մնալով իրենց տարածքի փաստացի տերերը: Այսօր այստեղ բնակվում է միայն տիկին Գայանեի ընտանիքը:
Նրանք մի քանի անգամ դիմել են համապատասխան մարմինների՝ շենքին 4րդ կարգի վթարայինի կարգավիճակ տալու համար, ինչի արդյունքում իրենք էլ իրավունք կունենային նոր բնակարան ստանալու: Սակայն՝ ապարդյուն:
Տիկին Գայանեն պատմում է, որ վերջին տարիներին ԾԻԳ-ից մի քանի անգամ մարդիք են եկել, ուսումնասիրել և չափագրել տարածքը: Վերջերս տան տերերը պարզել են, որ այս տարածքում նախատեսվում է 14 հարկանի բնակելի շենք կառուցել: Չունենալով ոչ մի փաստացի տվյալ այս տեղեկատվության վերաբերյալ՝ այնուհանդերձ կարծում ենք, որ դա մեր իրողության համար շատ տիպիկ և հավանական երևույթ է:
ՌեԱրկ Կենտրոն