Ճառ ասենք, թե զանգ կախենք
May 15, 2009
ֆորումի ճարտարապետական ցուցահանդեսը
Ապրիլի 21-24-ը տեղի ունեցած համահայկական ճարտարապետական համաժողովը և հատկապես դրա արդյունքում ստեղծվելիք համահայկական ճարտարապետական ընկերակցության հարցը վերջին օրերին ճարտարապետական շրջանակներում ակտիվ քննարկման թեմա են:
Ընդ որում՝ քննարկման թեման ոչ թե ճարտարապետության, հայկական ճարտարապետական դաշտի խնդիրների և դրանց
լուծումների, ընկերակցության անելիքների, համագործակցության հեռանկարներն են, այլ հիմնականում, ինչպես և ընդունված է մեր հանրային և մասնագիտական շրջանակներում, քննադատությունը և հիմնավորում չունեցող մերժողական կիսակարծիքներն են:
Այստեղ, բոլորովին նպատակ չունենալով ո՛չ հիմնավորել այդ հակակարծիք փաստարկները, և ո՛չ էլ հակառակը՝ ուզում եմ ասել ընդամենը հետևյալը.
ա) նեգատիվիզմը, ժխտողականությունը մեզ մոտ համընդհանուր բնավորություն ու գործելակերպ են դառնում` ազգային հիվանդություն կարելի է ասել: Ճիշտ է, մեր երկրում շատ բաներ են տեղի ունենում, որոնք մեղմ ասած համակրանքի արժանի չեն: Իսկինչ-որ բան անելու միակ ճանապարհը սխալների մասին բացահայտ խոսելն ու քննարկելն է: Հարցն ուղակի այն է, որ հակա- արտահայտվելու դեպքում պետք է ունենալ եղածի մերժման լուրջ հիմնավորումներ (այլ, քան, օրինակ, «աչքերի գույնը ու ձայնի ինտոնացիան դուրս չեն գալիս») և, ամենակարևորը, այլընտարնքային տարբերակ՝ նույնպես հիմնավորված անձնային վերապրումներից դուրս մոտիվներով:
Թեմայից մի փոքր դուրս ասեմ նաև, որ քննադատությունն ու մերժողականությունը իրական կարծիք չունենալու (և դրա հետ մեկտեղ մեծ անձնային բարդույթներ ու ամբիցիաներ ունենալու) դեպքում որևիցե, այդ թվում նաև պատահական կարծիք արտահայտելու միակ և ամենահեշտ տարբերակն են:
բ) բոլորիս համար ակնհայտ է երկու բան. Որ ճարտարապետությունը և շինարարությունը Հայաստանի ամենաակտիվ տնտեսական և հանրային նշանակության ոլորտներից է՝ մեկ, և երկրորդ` բուն ճարտարապետությունը մեր մասնագիտական շրջանակներում դառնում է թաբուավորված քննարկման թեմա, իսկ բուն դաշտի զարգացումն էլ մնում է փակ և ինքնաբավ շուկայի (լայն իմաստով) փոքրիկ ձեռքբերումների և իրենց անկյուններում փակված ստեղծագործող առանձին ճարտարապետների ու արվեստանոցների հույսին: Ընդ որում վերջիններս երբեք առիթը բաց չեն թողնում մեջքի հետևից փնովելու և քննադատելու միմյանց գործերը՝ հաճախ չունենալով «լավի», «վատի», «ճշտի» ու «սխալի» համամարդկային, նորմավորված արգումենտներ ու մասնագիտական հիմնավորումներ, առավել ևս՝ գործնական այլընտրանքային առաջարկներ:
գ) Մեզ բոլորիս պակասում է ինֆորմացիան ու ցիվիլ երկխոսությունը` այդ թվում նաև աշխարհի սփյուռքի մեր ազգակից կոլլեգաների հետ: Երկխոսության ունակության և տեղեկատվածության պակասի պատճառով մենք թյուր պատկերացումներ ունենք տեղի ունեցող տարբեր գործընթացների՝ այդ թվում նաև բուն առարկայի` ճարտարապետական ֆոռումի և ընկերակցության վերաբերյալ:
Այս օրերին հնչած հակակարծիքներից մեծ մասը նախաձեռնության նպատակների, գործառույթների շրջանակների ու իրագործման մեխանիզմների վերաբերյալ բավարար տեղեկացվածության դեպքում ուղղակի չէին լինի:
Այնպես որ կարծում եմ ճիշտ կլիներ մի պահ գոնե վերացարկվել կազմակերպության ձևի ու անձնային հարցերից և մասնագիտորեն խոսել, քննել բուն բովանդակային հարցերը:
(Նյութը նախապես հրապարակվել է www.prm.am կայքում)