Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

January 20, 2010

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Կինո Մոսկվայի Ամառային դահլիճը վերևից

Օրհնիր Վեհափառ Տէր,

Երջանիկ եմ, որ պատիվ եւ բախտ եմ ունեցել ժամանակին մասնակցելու “Զորավոր” եկեղեցու բարեկարգման եւ կառուցապատման նախագծի հողահատկացման համար որոշում պատրաստելուն: Դա այն ժամանակներն էին, երբ բաժինը, որ գլխավորում էի, ստանում էր բողոքի նամակներ շրջակա շենքերի բնակիչներից, թե եկեղեցու առավոտյան ղողանջները խանգարում են իրենց հանգիստը: Փառք Աստուծո, ժամանակները փոխվել են եւ հայ ժողովուրդը կրկին ցուցադրում է իր սերն ու հավատքը հարազատ եկեղեցուն:

Վերջերս տեղեկացա որ պետական որոշում է կայացվել “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճը իր տարածքով հատկացնել Սուրբ Էջմիածնի տնօրինությանը նախկինում քանդված “Պողոս-Պետրոս” եկեղեցուն համանման եկեղեցի կառուցելու նպատակով:

Վեհափառ Տէր, սիրտս եւ հրճվում է եւ վրդովում միաժամանակ: Հրճվում եմ, որ մի նոր եկեղեցի է կառուցվելու, բայց վրդովվում եմ երբ տեսնում եմ որ նման կարեւոր առիթը իրականացվում է հապճեպ եւ չմտածված կերպով: Լինելով ճարտարապետ` տարիներ շարունակ բախտ եմ ունեցել զբաղվել հատկապես եկեղեցիների վերականգման եւ վերակառուցման նվիրական գործով: Եւ առավել քան զարմանալի է թե ինչպե՞ս եւ ովքե՛ր են ներկայացնում նմանատիպ առաջարկները: Նախ, տրամադրվելիք տարածքը անհամեմատելի փոքր է որեւէ եկեղեցի իսկ սարքելու համար: Այդ տարածքում լավագույնս մի փոքրիկ մատուռ կտեղավորվի: Եւ հետո, քաղաքաշինական մի փոքր վերլուծության միջոցով կարելի է տեսնել որ այդ տարածքը չի բավարարում այսօրվա ժամանակակից պահանջներին` ոչ մեքենաների մոտեցումների եւ կայանատեղերի, ոչ էլ հակահրդեհային եւ մարդկանց բազմության անվտանգ էվակուացման համար:

Ի՞նչ էին մտածում քաղաքի մեծանուն ճարտարապետները, երբ նախագծեցին Հյուսիսային պողոտան: Ինչո՞ւ արդյոք այն ժամանակ կառուցապատման ընդհանուր մտահաղացման մեջ չնախատեսեցին մի նոր եկեղեցու կառուցումը: Կարծում եմ, որ հիմա իսկ ուշ չէ եւ ավելի տրամաբանական ու պատեհ է հատկացնել համապատասխան հողակտոր Հյուսիսային պողոտայի անմիջական տարածքում եկեղեցի կառուցելու համար, քան վերը նշված կինոթատրոնի հետեւամասում:

Եւ, ի՞նչու վերականգնել նախկինում քանդված Պողոս-Պետրոսին “համանման” եկեղեցի: Եթե կան եկեղեցի հաճախող հավատացյալների բազմության հաշվարկներ եւ Մայր Աթոռ Էջմիածինը տեսնում է Երեւանի կենտրոնում մի նոր եկեղեցի կառուցելու անհրաժեշտությունը, արդյո՞ք կարիք կա առաջ քաշել հնարածին արդարացուցիչ բացատրություններ առաջարկը հիմնավորելու համար: Իսկ առաջարկ ներկայացնողները գտե՞լ են միջնադարում երկրաշարժից քանդված Պողոս-Պետրոսի քարերը բավարար քանակությամբ ճարտարապետական վերլուծություն անելու համար, թե՞ պատրաստվում են նմանակել հետագայում կառուցված բազիլիկին, որի մասին կան պահպանված մի քանի լուսանկարներ: Երկու տարբերակներն էլ` ենթադրելը կամ նմանակելը ամենատխուր ճանապարհներն են, որ կարելի է ընտրել:

Վեհափառ, կառուցելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, քո պայծառափայլ անունը առհավետ գրվեց հայ եկեղեցաշինության պատմության մեջ: Այդ կառույցը միաժամանակ ցույց տվեց, որ մենք ունակ ենք կառուցել հայկական եկեղեցի արդի ժամանակներին համապատասխան: Այս պարագայում վերականգնել Պողոս-Պետրոսին համանման եկեղեցի, կնշանակի ընդունել, որ հայ միտքը տկարել եւ ամլացել է: Պողոս-Պետրոսի կառուցումից անցել է 15 դար, որի ընթացքում հայ միտքը հղացել եւ իրականացրել է հրաշագեղ եկեղեցիներ ճարտարապետական բազմազան լուծումներով, միեւնույն ժամանակ լավագույնս մարմնավորելով հայ եկեղեցուն անհրաժեշտ` բնույթին եւ նպատակներին համապատասխան գործառնական կառույցներ:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ այս վերջին տարիներին Երեւանի կենտրոնում մեծածավալ շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծվել է քաղաքաշինական մի նոր իրավիճակ, որ կարիք ունի նոր վերաբերմունք ցուցաբերել նաեւ ներկայում գործող եկեղեցիներին եւ նրանց շրջակայքին: Նրանք արդեն կարիք չունեն թաքնվելու մարդկանց աչքից, այլ հակառակը պետք է ներդաշնակորեն ընդգրկվեն արդի Երեւանի կառուցապատման համակարգում որպես հոգեւոր գանձեր: Այս գործի սկիզբը դրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կառուցմամբ: Բայց գործընթացը իր տրամաբանական շարունակությունն է ենթադրում` այն է նոր ճարտարապետական լուծումներով բարեկարգել նաեւ արդեն գոյություն ունեցող եկեղեցիների շրջակայքը: Խոսքս վերաբերում է Սուրբ Կաթողիկէին, ինչպես նաեւ նամակիս սկզբում նշված Սուրբ Զորավորին: Այսօրվա եկեղեցի այցելող հավատացյալների եւ զբոսաշրջիկների տեսադաշտում բացվում են հարակից բնակելի տների տնտեսական բակերը իրենց խայտաբղետ պատշգամբներով եւ եկեղեցու միջավայրին ոչ համապատասխան տեսարաններով: Մեծ խնդիրներ են ծառացել նաեւ ավտոմեքենաների մոտեցումների եւ կայանատեղերի ապահովման համար: Այս եւ նմանատիպ բարեկարգման խնդիրները կարիք ունեն քաղաքի իշխանությունների եւ Մայր Աթոռ Էջմիածնի անմիջական աջակցության եւ հետեւողական միջամտության:

Վեհափառ Տէր, աղերսում եմ ինչպես որդին իր իմաստուն հորը` մի հետեւիր չհիմնավորված եւ կասկածելի արդյունքներ հետապնդող առաջարկներին: Քեզ առաջարկներ ներկայացնողները իրենց մասնավոր նպատակին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի, առանց հաշվի առնելու, թե այդ ընթացքում կարող է վարկաբեկվել քո անունը:

Արեգ Ասատրյան
Ճարտարապետ

Leave a Reply