Նամակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
January 20, 2010
Օնիկ Մինասյան Հռիփսիմեի տաճարի խորանը
(Տեքստը կազմեցին Լիլիթ Սարգսյանը և Եվա Սարգսյանը)
Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Վեհափառ Տե’ր
Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունը, հայ հասարակությունը և հայ մշակույթը դեռ գտնվում են անցման, ձևավորման և համախմբման բարդ շրջանում, բոլորիս համար կարևոր է նրբանկատ լինել հանրային նշանակություն ունեցող հարցերում կողմնորոշվելիս, հատկապես` որոշումներ կայացնելիս ու գործնական քայլեր կատարելիս: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է “Մոսկվա” կինոթատրոնի Ամառային դահլիճի շենքին, որի հավանական քանդման խնդրով անհանգստացած է ոչ միայն ճարտարապետական, այլ ողջ մտավորական հանրությունը` երևանցիները:
Ճիշտ է, կառույցն այսօր անտեսված է, այն գրեթե զրկված է որևիցե գործառույթից, ինչը տրամաբանական է դարձնում դրա զբաղեցրած տարածքի առավել նպատակային օգտագործման ծրագրերի մշակումը: Իսկ ի՞նչը կարող է առավել հանրօգուտ և նվիրական գործ լինել, եթե ոչ եկեղեցու կառուցումը: Մեծապես շնորհակալ ենք, որ Եկեղեցին առաջինը ձեռնամուխ եղավ մեր մշակույթի կորսված արժեքների վերականգնման գործին: Սակայն, մեր պատկերացմամբ, Եկեղեցու որոշումների և գործառույթների իրականացման հիմքերը այլ են, քան մասնավոր տնտեսական շահերի հետ շաղկապված աշխարհիկ իշխանությունների դատողությունները, և դրանք չպետք է իրականանան մեկ այլ արժեքի ոչնչացման հաշվին:
Թերևս, հարկ չկա հիշեցնել կառույցի ճարտարապետական և, արդեն նաև` պատմական արժեքի մասին: Լճացման տարիներին, ամբողջատիրական պայմաններում աննախադեպ զարթոնք ապրող հայկական ազգային մոդեռնիզմի այս մարգարիտը տաղանդավոր ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանի` Թելման Գևորգյանի համահեղինակությամբ իրականացրած, եզակի գործերից է: Այն հաճախ է որակավորվում որպես երևանյան “ճարտարապետական հրաշք”, քանի որ այն ոչ միայն գեղարվեստական ձևի, այլև բարդ քաղաքաշինական խնդրի փայլուն լուծման եզակի նմուշներից է: Այս շինության քանդումն, ըստ էության, կշարունակի Խորհրդային իշխանությունների կողմից “Մոսկվա” կինոթատրոնի տարածքում եղած Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քանդման և հոգևոր-մշակութային վանդալիզմի բազմաթիվ այլ օրինակների արատավոր ավանդույթը: Ավելացնենք նաև, որ հուշարձանի տարածքում է գտնվում տաղանդաշատ նկարիչ Օնիկ Մինասյանի կատարած խճանկարը, որը ևս դասվում է հայկական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության` իր տեսակի մեջ սակավաթիվ, բարձր գեղարվեստական ճաշակով կատարված գործերին: Այդ խճանկարն այժմ ևս անմխիթար վիճակում է, և այն անհրաժեշտ է փրկել, ոչ թե վերացնել: Մի՞թե Սուրբ Եկեղեցին կարող է ձեռք բարձրացնել մի արվեստագետի ստեղծածործության վրա, ով հայտնի է նաև իր եկեղեցական աշխատանքներով` Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտց եկեղեցու բազմաթիվ որմնանկարներով, Էջմիածնի Սբ.Հռիփսիմե եկեղեցու գլխավոր խորանի պատկերներով: Ոլորտի ողջ մասնագիտական հանրույթը վկայում է, որ նշված շինությունն, ըստ էության, հղացվել և 1960-ական թթ. կեսերին իրականացվել է իբրև մեկ ամբողջական համալիր: Ցավոք, բուն ամֆիթատրոնից զատ, համալիրի մյուս հատվածներն արդեն իսկ անմտորեն ոչնչացվել են, և դրա երբեմնի գողտրիկ ամբողջականությունն այսօր խաթարված է սրճարանի և ավտոլվացման կետի անշուք ներկայությամբ: Այսօր, երբ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման փաստերին հարևան երկրների տարածքներում, ինչպե՞ս կարող ենք մենք ինքներս նույնը թույլ տալ մեր մայրաքաղաքում: Եթե նշված հուշարձանը այսօր չորակել որպես “պատմամշակութային արժեք”, ապա ի՞նչ պատասխան ենք տալու մեր հետագա սերունդներին. ֆիզիկապես վերացնելով հուշարձանը, բնավ չենք կարող ջնջել դրա հուշը, դրա մասին վկայությունները:
Այդպիսով, կառույցի ճակատագրի վերբերյալ մտահոգություններն արդեն իսկ մեծ վրդովմունք են առաջ բերել մասնագիտական և ոչ մասնագիտական հանրության մեջ: Ավելին, նոր եկեղեցու շինարարությամբ նախկինում քանդվածի հուշը վերականգնելու ճիգերը չեն կարող փոխհատուցել սպասվելիք մեծ զոհաբերումը: Մինչդեռ, վստահությունը Եկեղեցու հանդեպ ամենազորեղ ուժն է, որն այսօր հարկավոր է մեր հասարակությանը` համախմբված լինելու և վերականգնելու համար երկրի կայունությունը:
Վեհափառ Տեր, խոնարհաբար խնդրում ենք Ձեզ, մի’ կոտրեք մեր ժողովրդի, մեր մի բուռ մտավորականության վստահությունը, թույլ տվեք, որ երևանցիների կողմից այդքան սիրված շինությունը նոր կյանք ստանա, վերածնվի իր նախնական տեսքով, և ոչ թե քանդվի: Երևանի կենտրոնական հատվածում կան տարածքներ, որոնք դեռ քաղաքաշինական ավարտուն կերպար չեն ստացել, և նոր եկեղեցու շինարարությունը մի այդպիսի տարածքում կարող է լավագույն լուծում լինել ոչ միայն տվյալ տարածքի, այլև տվյալ խնդրի համար: Որպես օրինակ կարող ենք բերել Գլխավոր Պողոտան կամ նույն “Մոսկվա” կինոթատրոնի ետին հատվածը, որը հարակից է Ամառային դահլիճի տարածքին, կամ բազմաթիվ հիվանդանոցամերձ տարածքներ, որտեղ որ ժողովուրդն իրոք եկեղեցու կարիք է զգում: Բավական է հիշատակել Հանրապետակա հիվանդանոցին կից հսկայական դատարկ տարածքը: Ի վերջո, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնումը քանդված եկեղեցու հուշի վերականգնումն է և մի նոր հոգևոր օջախի շինարարություն, ինչը անմիջականորեն կարող է և չկապվել տվյալ տարածքի հետ:
Ողջ ճարտարապետական հանրությունը հայտնում է իր մասնագիտական կարծիքը և առաջարկում իր օգնությունն ու ծառայությունը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու համար նոր տարածք ընտրելու հարցում: Իսկ Եկեղեցու և մեր Կաթողիկոսի լավագույն նվերը հայ հասարակությանը կլինի Ամառային դահլիճին նոր կյանք տալը, հատկապես` եթե այդ կյանքը կապված լինի հոգևոր գործառույթների, հոգևոր-մշակութային բնույթի նոր հաստատության կերտման հետ: Մենք առաջարկում ենք կառույցը քանդելու փոխարեն դրա վերակիրառման և հոգևոր-մշակութային բնույթի հաստատության համար հարմարեցման ճարտարապետական մրցույթ հայտարարել: Վստահ ենք, որ քաղաքային իշխանությունները կողջունեն նման առաջարկը, ինչում ճարտարապետները հարկ եղած դեպքում պատրաստ են աջակցել: Վեհափառ տեր, եկեղեցաշինության Ձեր նվիրական առաքելությունը հարգելով` կարծում ենք, որ տվյալ պարագայում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման մեջ տեղի ընտրության հարցը չէ էականը, այլ եկեղեցին կառուցելը, սակայն, ոչ` մեկ արժեք մյուսով փոխարինելու հաշվին:
Ըմբռնումի հույսով, հավատով և խոնարհումով
Ներքոստորագրյալ հայ մտավորականներ
1. Լևոն Իգիթյան, ճարտարապետ, Գեղագիտության Ազգային կենտրոնի տնօրեն
2. Ռոբերտ Էլիբեկյան, Հայաստանի Ժողովրդական նկարիչ
3. Նազարեթ Կարոյան, Արվեստի քննադատների Ազգային Ասոցիացիայի նախագահ
4. Հակոբ Հակոբյան, Հայաստանի Ժողովրդական նկարիչ
5. Մարի Հակոբյան,գեղանկարիչ
6. Պերճ Զեյթունցյան,գրող, հրապարակախոս
7. Զավեն Սարգսյան, Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն
8. Միքայել Դովլաթյան, կինոռեժիսոր
9. Մարտին Վարդազարյան, կոմպոզիտոր, Երևանի պատվավոր քաղաքացի
10. Երվանդ Երզնկյան, կոմպոզիտոր, Արվեստի վաստակավոր գործիչ
11. Միքայել Պողոսյան, դերասան
12. Անահիտ Հակոբջանյան, լրագրող
13. Վարդանյան Էդիկ,գեղանկարիչ, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի պրոֆեսոր
14. Ժորա Հայրապետյան,գեղանկարիչ, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի դոցենտ
15. Անատոլի Գրիգորյան, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի պրոֆեսոր
16. Վիգեն Ղազարյան, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր
17. Արամ Իսաբեկյան, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ռեկտոր, Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
18. Սուսաննա Գյուլամիրյան, “Արվեստի և մշակույթի ուսումնասիրությունների լաբորատորիա” ՀԿ նախագահ
19. Անուշ Տեր-Մինասյան, ճարտարապետ, Երևանի Ռուս արվեստի թանգարանի տնօրեն
20. Արա Շիրազ, քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
21. Սամվել Բաղդասարյան, Գեղագիտության Ազգային կենտրոնի Կերպարվեստի և Դեկորատիվ-կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի տնօրեն
22. Հրաչ Ավետիսյան,նույն հաստատության փոխտնօրեն
23. Նարա Մակարյան, Գեղագիտության Ազգային կենտրոնի “Փոքր թատրոնի” տնօրեն
24. Արսեն Խաչատրյան, նույն հաստատության ռեժիսոր
25. Վահան Բադալյան, նույն հաստատության գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր
26. Արկադի Բաղդասարյան, Հայաստանի վաստակավոր նկարիչ
27. Ռոզա Եղիազարյան,գրող, Հայաստանի ժուրնալիստների և Գրողների միությունների անդամ
28. Արտյոմ Երկանյան, լրագրող, “Շանթ” հեռուստատեսություն
29. Զավեն Վարդանյան, դիրիժոր
30. Արա Երնջակյան, ռեժիսոր, Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Արվեստի վաստակավորգործիչ
31. Գրիգոր Ազիզյան, “Հայնախագիծ” ԲԲԸ տնօրեն
32. Սաշուր Քալաշյան, ՀՀ Վաստակավոր ճարտարապետ, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
33. Յակով Զարգարյան, Երևանի Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիայի վաստակավոր դասախոս, պրոֆեսոր
34. Խաչատուր Ազիզյան, Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ՀՀ Նկարիչների միության քարտուղար
35. Լիլիթ Պիպոյան, ճարտարապետության թեկնածու, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս
36. Ռուզան Մկրտչյան, Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս
37. Հռիփսիմե Պիկիչյան, Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի դոցենտ
38. Իվեթ Թաջարյան, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու
39. Սեյրանուշ Մանուկյան, Արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս
40. Ալբերտ Ստեփանյան, Երևանի Պետական Համալսարանի Համաշխարհային արվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
41. Լեոնարդ Հարությունյան, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու
42. Լևոն Չուգասզյան, ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր