Ճարտարապետական ընկերակցության մասին

January 25, 2010

Ճարտարապետական ընկերակցության մասին

Ֆորումի կազմակերպման ընթացքից

Ապիլի 21-ից (2009 թ.)Երևանում ընթանում է «Հայկական Ճարտարապետության 21րդ Դարը» անվանումով ճարտարապետական համահայկական համաժողովը: Սա սպասված և վաղուց հասունացող իրադարձություն էր ճարտարապետական դաշտում: Այս ֆորումի կարևորությունն այն է, որ մեր, հայերիս ազգային հպարտության հիմնական թեման` ճարտարապետությունն ու շինարարությունը, կարիք ուներ նոր նախաձեռնությունների, խթանի:

Ֆորումի նպատակն է մեկ (հայրենի) հարկի տակ համախմբել հայ ճարտարապետներին աշխարհի բոլոր անկյուններից և, ի մի բերելով «ներսի» և «դրսի» ճարտարապետների փորձը, ստեղծել մասնագիտական մի ընկերակցություն, որը կհամակարգի հայ ճարտարապետական դաշտը և կստեղծի հայ ճարտարապետների համագործակցության ցանց:
Ֆորումի ժամանակ ընկերներիցս մեկը հետաքրքիր մի հարցադրում արեց. «չեմ հասկանում, ճարտարապետության մեջ ո՞րն է  համագործակցությունը: Ճարտարապետից գալիս է լինել գրագետ (և մի քիչ էլ ստեղծագործ) ու մարդավարի, օրինապաշտ աշխատել, իր գործն անել: Ճարտարապետությունը անհատի, անձի կամ փոքր թիմի գործունեություն է: Էլ այստեղ որն է համագործակցության իմաստը»:
Այս դիտողությունը խորհելու առիթ տվեց: Իրոք, եթե ամեն մեկս լինենք մասնագիտական առումով գրագետ, չզլանանք ծանոթանալու աշխարհի միտումներին, մեր մասնագիտական ու նաև հանրային դաշտում առաջացող խնդիրներին, դրանց լուծումների համաշխարհային փորձին, լինենք օրինապաշտ և մի փոքր էլ զսպենք մեր ճարտարապետական էգոն, ապա քաղաքում էլ, երկրում էլ ճարտարապետությունը կընթանա նորմալ հունով: Ամեն դեպքում կլինի այնպիսին, ինչպիսին կկարողանա լինել: Եվ դա էլ կլինի մեր ճարտարապետության դեմքը, որի դեմ, ինչպիսին էլ որ այն լինի, համախմբվել և պայքարելն իմաստ չի ունենա:
Այո, դա այդպես է: Հատուկ մտածված, ռեգլամենտավորված աշխատանքային ռեժիմով, հատուկ ինստիտուցիաների մակարդակով` մշակույթ, հանրային ճաշակ, արժեքներ և պատկերացումներ չեն ստեղծվում: Մշակույթ, նաև ճարտարապետական մշակույթ կոչվածը այնպիսին են, ինչպիսին որ մեր ժամանակներն են և ինչպիսին որ մենք ենք` բոլոր անհատներիս հավաքական և ինքնաբուխ գործունեության ու ապրելակերպի արդյունքում:
Սակայն այստեղ կա մի «բայց»: Առանձին անհատների գործունեությունը պետք է ընթանա կարգավորված համընդհանուր համակարգի շրջանակներում (թե քաղաքաշինական, թե օրենսդրական և թե տարբեր նորմատիվային), ինչի մոնիտորինգի համար որոշիչ դեր ունի պետությունը` որպես կատարող,  ապա` մասնագիտական ընկերակցությունները` որպես վերլուծող և նորմավորող: Հենց այս վերջինիս մասին է, որ ֆորումի արդյունքում ստեղծվելիք ճարտարապետական ընկերակցությունը պետք է հոգ տանեն:
Ֆորումի բացման ժամանակ ելույթ ունեցող մասնակիցները և նաև դրան հաջորդող զեկույցներ ներկայացնողները նշում էին ճարտարապետական ընկերակցության  առաջնահերթ ֆունկցիաները: Դրանք են` նախ, տարածքում և, ամենակարևորը, այլ երկրներում մեր հուշարձանների պահպանության և վերականգնման հարցը: Այս բնագավառում խնդիրների բացահայտման համար կարող են գործել առանձին կազմակերպություններ, ինչպես, օրինակ Սամվել Կարապետյանի ղեկավարած «Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Կազմակերպությունն» է, սակայն հուշարձանների բուն պահպանության և վերականգնման հարցը, հատկապես այլ երկրներում,  առաջին հերթին պետության հոգածության  շրջանակում է:
Հրատապ է նաև ճարտարապետության, քաղաքաշինության բնագավառում նորմատիվների հաստատման (և դրանց կիրառման) խնդիրը: Այստեղ միանշանակ կարևոր և անփոխարինելի է մասնագիտական ընկերակցության(-ների) դերը, քանի որ միայն մասնագիտական (նաև սոցիոլոգներ, պատմաբաններ, մշակութաբաններ, տնտեսագետներ և այլն) հետազոտությունների, քննարկումների և վերլուծությունների արդյունքում կարելի է գտնել համընդհանուր ընդունելի և կիրարկելի նորմատիվային դրույթներ: Այստեղ պետք չէ անտեսել աշխարհի փորձը, որը որոշ հարցերում վաղուց անցել է այն փուլը, որի առաջ այսօր կանգնած է մեր հասարակությունն ու, հատկապես, ճարտարապետական դաշտը: Այդ փորձի ուսումնասիրությունը կարող օգտակար լինել մեր խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար, սակայն պետք է նաև նկատի ունենալ մեր պատմա-մշակութային առանձնահատկությունները և այլ փորձի պարզ կիրառման ադեկվատությունը մեր պայմաններին:
Ընկերակցության գործունեության կարևոր է օղակներից է նաև  որևէ ինստիտուցիոնալ մակարդակով երիտասարդ մասնագետների որակյալ կրթության, վերապատրաստման և մասնագիտական փորձի ձեռքբերմանը աջակցելը: Թերևս, սա ընկերակցության գործառույթների շարքում կարևորագույններից է, քանի որ երիտասարդ մասնագետները միշտ էլ կարիք ունեն մասնագիտական դաշտ, շուկա մտնելու ճանապարհին աջակցության: Այս առումով համակարգող կազմակերպություն ունենալը կնպաստեր երիտասարդների մասնագիտական պոտենցիալի իրացմանը, փորձառության ձեռքբերմանը: Այդ կառույցը կարող է իրականացնել ինֆորմացիայի փոխանակման, աշխատանքի շուկաների և ֆորումների կազմակերպման, հանրային լեկցիաների, ցուցահանդեսների և մրցույթների կազմակերպման և այլ բնույթի գործառույթներ: Կարևոր է նաև ունենալ մրցութային հիմքով գործող` ուսանողական և մասնագիտական վերապատրաստմանն աջակցող ֆոնդ, քանի որ այսօր Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմանները թույլ չեն տալիս ուսանողներին սեփական ուժերով հոգալ ուսումնական և (հատկապես արտերկրներում) վերապատրաստման ծախսերը: Մինչդեռ Հայաստանի համար կարևոր է փորձի փոխանակությունը, նոր տեխնոլոգիաների, նոր կառուցվածքների, ձևերի և նորմերի ներմուծումը հանրություն և ճարտարապետական դաշտ:
Այստեղ առաջ է գալիս ընկերակցության գործունեության և այսօրվա հայկական ճարտարապետության խնդիրներից ամենահիմնականը՝ մեր ազգային դպրոցը համաշխարհային ճարտարապետության դինամիկայում ներգրավելու խնդիրը: Փաստ է, որ մեր ազգային ճարտարապետությունը, որը հիմնականում միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունն է և ոչ մեծ քանակի ու տիպի (պահպանված) աշխարհիկ կառույցներ, ինքնին մեծագույն արժեք է որպես ձևի՝ կառուցվածքի, ֆունկցիայի ու նյութի, կոնստրուկցիայի կատարյալ ներդաշնակ փոխկապակցում: Սա նաև անմիջական արտահայտություն է Հայի աշխարհընկալման, բնափիլիսոփայության: Հայ տիպի, որով մենք այսօր այդքան հպարտանում ենք, սիրում ու ձգտում պահպանել և համառորեն հավատում ենք, որ դա մեզ հաջողվում է:
Այնուհանդերձ, բոլորիս քաջ հայտնի պատմա-քաղաքական անցքերի արդյունքում միջնադարյան մշակութային ձեռքբերումների հետ երկար տարիների ընդհատում ունենք: Սակայն այսօր մենք վերջապես հնարավորություն ենք ստացել լինելու ազատ և անկախ պետություն, և առանց դրսից կամ «վերևից» եկող գաղափարական թելադրանքի, վերջապես անդրադառնալու փայփայած և հուշ դարձած մեր պատմական ճարտարապետությանը:  Բնական է, որ այս իրավիճակում մեր պատմությունը, պատմական դեմքն ու ձեռքբերումները, այդ թվում նաև ճարտարապետությունը, մեզ համար հանգուցային իմաստ են ստանում որպես մեր ազգային ինքնագիտակցման կայացման հիմնական կետ` և՛ ներկայում, և՛ ապագայում:
Այս ամենում խնդրահարույց կարող է լինել վերը քննարկված համաշխարհային փորձի՝ արդիական ձևաստեղծման սկզբունքների, նորմերի, էսթետիկայի և տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան և դրա սինթեզը ազգային կոչվող ճարտարապետության ձևերի հետ: Չնայած՝ սա կարող է խնդրահարույց լինել միայն այն դեպքում, եթե մենք ընտրենք ազգային ճարտարապետության կերպարի մեկնաբանման պատմական, թանգարանային, բառիս բուն իմաստով ձևական տարբերակը:
Այսպիսով, ընկերակցության կարևորագույն խնդիրներից է ազգային ճարտարապետության տիպի, կերպարի պահպանումը (բայց ոչ որպես համր ձև, թանգարանային նմուշ, այլ որպես կենդանի միտք) արդի հայկական ճարտարապետության ձևերում ու կառուցվածքներում:
Ըսատ էության, սա նույնպես անհատ ստեղծագործողների մակարդակով լուծելի գործընթաց է, և միասնական ուժերով մտածված ու ընդունված քաղաքականություն չի կարող լինել, այնուհանդերձ ընկերակցությունը կարող է կազմակերպել հետազոտություններ, ուսուցանել և տարածել այդ միտքն ու գիտելիքը՝ մասնագիտական այդ մտածելակերպը դարձնելով արդի հայկական ճարտարապետական դպրոց:

Leave a Reply